ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության նախաձեռնությամբ այսօր Արցախում մեկնարկել է «Ռուսական խոսքի օրեր» ծրագիրը:
Արցախում մեկնարկել է «Ռուսական խոսքի օրեր» ծրագիրը (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ռուսական խոսքի օրեր» ծրագրի մեկնարկը տրվել է Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի (Բեկոր) անվան N2 հիմնական դպրոցից:
Աշակերտները միջոցառման հյուրերին դիմավորել են աղ ու հացով, որից հետո ներկաները ծաղիկներ են դրել կրթօջախի փառքի սրահում՝ ի հիշատակ 2-րդ դպրոցի զոհված ազատամարտիկների:
Այնուհետև դպրոցի դահլիճում աշակերտները հայերեն և ռուսերեն լեզուներով արտասանել են ոտանավորներ, կատարել երգեր ու պարեր՝ համատեղ ներկայացրել ռուսական և հայկական մշակույթը:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը՝ կարևորելով «Ռուսական խոսքի օրեր» ծրագրի անցկացումն Արցախում և ասել, որ այն արդեն վերածվել է բարի ավանդույթի:
Նախարարը նշել է, որ արցախահայության համար, տարին հոբելյանական է, քանի որ նշվում է Արցախյան շարժման 30-ամյակը:
Նա գտնում է, որ կարևոր է հիշել բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց արդար ձայնն են բարձրացրել հանուն Արցախի ազատության և անկախության:
ԱՀ ԿԳՍ նախարարության պետական տեսուչ, ռուսաց լեզվի գլխավոր մասնագետ, ծրագրի նախաձեռնող և համակարգող Ռուբեն Օսիպովն իր խոսքում ընդգծել է ռուսաց լեզվի և գրականության, ռուս ժողովրդի պատմության ու մշակույթի վերաբերյալ Արցախի դպրոցականների գիտելիքների իմացությունը:
Ըստ նրա` ավանդական դարձած այդ միջոցառումները ևս խորհրդանշում են հայ և ռուս ժողովուրդների ամուր բարեկամությունը, որը դարերի պատմություն ունի:
Միջոցառմանը ներկա ռուս բանաստեղծ Վիկտոր Կոնոպլյովը, ողջունելով «Ռուսական խոսքի օրեր» ծրագրի կազմակերպիչներին ու մասնակիցներին, իր գոհունակությունն է հայտնել, Արցախում ռուսաց լեզվի ու մշակույթի նկատմամբ աշակերտների և ուսուցիչների ջերմ ու անկեղծ վերաբերմունքի համար:
«Ռեգնում» ռուսաստանյան լրատվական գործակալության թղթակից Միխայիլ Դեմուրինը ևս իր գոհունակությունն է հայտնել ներկաներին և պատմել Արցախից ստացած իր լավ տպավորությունների մասին:
Նա հատուկ շնորհակալություն է հայտնել ռուսաց լեզվի այն ուսուցիչներին, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով ռուսական մշակույթի նկատմամբ սեր են առաջացնում իրենց սաների մոտ:
Միջոցառման կազմակերպման վերաբերյալ իր հիացմունքն է հայտնել նաև ԱՀ նախագահի խորհրդական, երկրահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մի շարք գիտությունների ակադեմիաների անդամ Գրիգոր Գաբրիելյանցը:
Միջոցառմանը ներկա էին ԱՀ առաջին տիկին Անահիտ Սահակյանը, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը, Մոսկվայից և ՀՀ-ից ժամանած հյուրեր, ուսուցիչներ, ռուսական համայնքի ներկայացուցիչներ և այլք: