Եթե Բաքուն լրջորեն մտահոգված է ջրի հասանելության հարցերով, կարող է դա Ստեփանակերտի հետ քննարկել:
Եթե Բաքուն լրջորեն մտահոգված է ջրի հասանելիությամբ, կարող է հարցը Ստեփանակերտի հետ քննարկել. ՀՀ ԱԳՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի մեղադրանքները:
«Ադրբեջանի ԱԳՆ-ում, ամենայն հավանականությամբ, Նովրուզը չափից ավելի բուռն են նշում, եւ աշխատավայրում սպիրտային խմիչքները չարաշահում են: Բաքվի պաշտոնյայի մեկնաբանություններն այլ բացատրություն չունեն:
Եթե Բաքվին լրջորեն հետաքրքրում են ջրի հասանելիության ապահովման եւ ջրային պաշարների կառավարման հետ կապված հարցերը, ապա դրանք կարող է Ստեփանակերտի հետ քննարկել, որը բազմիցս նման պատրաստակամություն է հայտնել: Կարծում եմ՝ Ստեփանակերտը դեռեւս պատրաստ է այս ոլորտում համագործակցելուն»,- հայտարարեց Տիգրան Բալայանը:
Նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը հերթական անգամ թեման օգտագործել էր Հայաստանին մեղադրելու համար: Չնայած ջրի խնդիրներով «մտահոգությանը», Ադրբեջանը կտրականապես հրաժարվում է ջրի օգտագործման հարցը քննարկել Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ: