Հայատանի գործատուների հանրապետական միությունն ընթացիկ տարում մասնաճյուղ կհիմնի Արցախում:
Հայատանի գործատուների հանրապետական միությունը մասնաճյուղ կհիմնի Արցախում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Արցախի ՓՄՁ զարգացման ասոցիացիա»-ի նախագահ Էրիկ Մկրտումյանը: Նրա խոսքով՝ այդ առթիվ օրերս Ստեփանակերտում հանդիպում է եղել ՀԳՀՄ նախագահ Գարիկ Մակարյանի հետ և քննարկվել են երկու կառույցների համագործակցության, բիզնեսի և տեղական արտադրանքի ոլորտը զարգացնելու մասին հարցեր:
«Մասնաճյուղի հիմնումն Արցախում նպատակ ունի խթանել արտահանումը և գործարար ոլորտում միջազգային համագործակցությունը: Նախատեսվում է նաև լուրջ ուշադրություն դարձնել կրթություն-աշխատաշուկա հարաբերություններին, քանի որ գաղտնիք չէ, որ մեզանում բարձրագույն ուսումնական հաստատություններում ապագա մասնագետները սովորում են առանց մեծ ուշադրություն դարձնելու մասնագիտությունների առկա պահանջարկին: Իսկ գործարար միջավայրի շարունակական զարգացումն առանց համապատասխան մասնագետների գրեթե անհնար է դառնում: Էլ չեմ խոսում զբաղվածության խնդրի մասին, քանի որ մի կողմից ունենում ենք աշխատատեղեր բայց մասնագետների խնդիր է լինում, իսկ մյուս կողմից ունենում ենք գործազուրկներ, որոնք որևէ կերպ չեն կարողանում իրացնել իրենց մասնագիտական հմտությունները: Մի խոսքով անելիքները շատ են, որոնք քայլ առ քայլ փորձելու ենք իրականություն դարձնել»,- ասել է «Արցախի ՓՄՁ զարգացման ասոցիացիա»-ի նախագահը: