Այսօր՝ ապրիլի 1-ին, Ստեփանակերտի «Էմբադա» առևտրի կենտրոնի բակում տեղի է ունեցել համերգ-միջոցառում՝ Սուրբ Զատկի տոնի առթիվ:
Սուրբ Զատկի տոնին նվիրված՝ մայրաքաղաքում մշակութային միջոցառում է կազմակերպվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այն կազմակերպվել է Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի նախաձեռնությամբ:
Միջոցառմանը մայրաքաղաքի մշակութային օջախների սաների մասնակցությամբ ներկայացվել են ազգագրական երգ ու պար, նկարչական աշխատանքների ցուցահանդես և Սուրբ Զատկի տոնը խորհրդանշող խաղ-մրցույթներ:
Մեզ հետ զրույցում Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի պետ Կարինե Հարությունյանն ասել է, որ, Սուրբ Զատիկին նվիրված, առաջին անգամ են նման մեծ միջոցառում նախաձեռնում:
«Մրցույթին մասնակցում են Ստեփանակերտի դպրոցների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի ու «Մի-մի» մանկական զարգացման կենտրոնի սաները՝ իրենց ձեռագործ աշխատանքներով: Մասնակիցների թվի մեծ լինելու պատճառով նախատեսված է երկուական հաղթող երեք մրցանակային տեղերում, սակայն, անկախ արդյունքներից, բոլոր մասնակիցներին վերջում սպասվում են նվերներ»,- ասել է Կ. Հարությունյանը՝ հավելելով, որ մասնակիցները թվով քսանն են:
Մեր զրուցակցի խոսքով՝ հաշվի առնելով միջոցառման նկատմամբ ցուցաբերված մեծ հետաքրքրությունը՝ իրենց ցանկությունն է այն շարունակական դարձնել: