ԱՄՆ-ն որոշում կկայացնի իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հնարավորության մասին Անկարայի՝ Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանությանը առնչություն ունենալու պնդումների կապակցությամբ, երբ թուրքական կառավարությունը գործի վերաբերյալ փաստաթղթեր կներկայացնի:
ԱՄՆ-ն կքննարկի Գյուլենի արտահանձնման հարցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԱՄՆ արդարադատության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նիկոլ Նավասին:
Նրա խոսքով՝ որոշումը կայացվելու է բացառապես փաստերի հիման վրա եւ ԱՄՆ-ի օրենքների համաձայն: «Մենք կքննարկենք ցանկացած նյութ, որը Թուրքիայի կառավարությունը կարող է մեզ տրամադրել այս հարցով: Մենք փաստերի հիման վրա եւ ԱՄՆ-ի օրենքներին համապատասխան արտահանձնման վերաբերյալ որոշում կկայացնենք », - համապատասխան հարցին պատասխանել է նա:
Անդրեյ Կարլովը սպանվեց 2016 թվականի դեկտեմբերի 19-ին Անկարայում ֆոտոցուցահանդեսի բացմանը ելույթի ժամանակ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը դեպքը որակել է որպես ահաբեկչական գործողություն: