Բելառուսի Հանրապետության Օշմյանի քաղաքում մարտի 23-25-ը կայացել է ուժային եռամարտի Եվրոպայի գավաթի խաղարկություն, որին մասնակցել են նաև արցախցի 4 մարզիկ:
Ուժային եռամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունում արցախցի մարզիկները մրցանակային տեղեր են գրավել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ, գլխավոր մարզիչ Արկադյա Զաքարյանն ասել է, որ արցախցի մարզիկները հանդես են եկել սեղմում պառկած դրությունից և եռամարտ մրցաձևերում:
Նա տեղեկացրել է, որ արցախցի մարզիկ Թաթուլ Հարությունյանը 83կգ քաշային կարգում սեղմում պառկած դրությունից և եռամարտ մրցաձևերում գրավել է 2-րդ տեղ, իսկ
Արմեն Մարտիրոսյանը 66կգ քաշային կարգում սեղմում պառկած դրությունից մրցաձևում` 2-րդ, եռամարտ մրցաձևում` 3-րդ:
Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ սեղմում պառկած դրությունից Եվրոպայի պատանիների ռեկորդակիր Յուրի Կարոգլանյանը, չնայած վատառողջ լինելուն, 105կգ քաշային կարգում եռամարտ մրցաձևում կարողացել է գրավել է 2-րդ տեղ:
Իսկ մարզիչ Արկադյա Զաքարյանը 105կգ քաշային կարգում եռամարտ մրցաձևում գրավել է 3-րդ տեղ:
Արցախի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահի խոսքով՝ ընդհանուր առմամբ իրենք Արցախ են բերել 4 արծաթե և 2 բրոնզե մեդալներ և պատվոգրեր:
Նշենք, որ Արցախի ուժային եռամարտի ֆեդերացիան գործում է 2009 թվականից: 2012 թվականից սկսած ֆեդերացիայի մարզիկները մասնակցում են աշխարհի և Եվրոպայի առաջնություններին: