Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել Է, որ ԱՄՆ-ը կզղջա, եթե դուրս գա իրանական ատոմի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ):
ԱՄՆ-ը կզղջա «միջուկային գործարքից» դուրս գալու դեպքում. Ռոուհանի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մենք չենք խախտելու համաձայնագրի պայմանները, բայց նա (ԱՄՆ-ը) պետք Է իմանա, որ կզղջա, եթե խախտի գործարքը… Մեր պատասխանն ավելի կոշտ կլինի, քան նա պատկերացնում Է, եւ նա դա կտեսնի արդեն շաբաթվա ընթացքում»,-ասել Է Ռոուհանին, որի խոսքը հեռարձակվել Է Press TV հեռուստաալիքով: Նա ընդգծել Է, որ Իրանն արդեն դիտարկել Է գործարքի զանազան տարբերակներ, այդ թվում՝ առանց Վաշինգտոնի մասնակցության: Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ:
Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ: 2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել Է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն Է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում Է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել Է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո: ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը խստիվ քննադատում Է այդ համաձայնագիրը եւ սպառնում Է դուրս գալ դրանից՝ փաստաթուղթը համարելով «վատագույն գործարքը» ԱՄՆ-ի համար:
Համաձայնագրի վերանայման դեմ վճռականորեն հանդես են գալիս Ռուսաստանը եւ Չինաստանը: Իրանը պնդում Է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները վերանայման ենթակա չեն: ՄԱԳԱՏԷ-ն, որն ստուգում Է Թեհրանի կողմից ԳՀՀԾ-ի պայմանների կատարումը, հաստատում Է, որ Իրանի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: