Ապրիլի 10-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է «The HALO Trust» ոչ կառավարական կազմակերպության արցախյան ծրագրի ղեկավար Մայքլ Նյուտոնին։
ԱԳՆ ղեկավարն ընդունել է The HALO Trust-ի արցախյան ծրագրի ղեկավարին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին ասվում է Արցախի Հանրապետության ԱԳՆ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ս. թ. մարտի 29-ին Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում ականի պայթյունից The HALO Trust–ի զոհված աշխատակիցների ընտանիքի անդամների և վիրավորվածների սոցիալական պաշտպանությանը վերաբերող հարցեր։ Մայքլ Նյուտոնը ներկայացրել է միջադեպի կապակցությամբ կազմակերպության կողմից իրականացվող քննության ընթացքը։
Մայքլ Նյուտոնը կրկին երախտագիտություն է հայտնել Արցախի կառավարությանը՝ կազմակերպությանը օպերատիվ օգնություն ցուցաբերելու համար, ինչպես նաև անձամբ ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանին՝ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանի հետ միասին The HALO Trust–ի գրասենյակ այցելության և Արցախի իշխանությունների անունից բարոյական աջակցության համար։
Մասիս Մայիլյանը հաստատել է Արցախի իշխանությունների պատրաստակամությունը՝ հետագայում ևս անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Հանրապետությունում The HALO Trust–ի գործունեությանը։