Նախօրեին Արցախի պետական համալսարանում «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ կազմակերպվել էր գրքերի ցուցահանդես-վաճառք, որի ընթացքում հրատարակչության հիմնադիրը հանդես էր եկել «Նոր տեխնոլոգիաները հրատարակչական գործունեության մեջ» թեմայով դասախոսությամբ:
ԱրՊՀ-ում կազմակերպվել է գրքերի ցուցահանդես-վաճառք
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիպմանը «Էդիթ Պրինտ» հրատարակչության հիմնադիր-տնօրեն Մկրտիչ Կարապետյանը ուսանողներին է ներկայացրել 1512 թվականին Հակոբ Մեղապարտի կողմից տպագրված հայկական առաջին գրքի` «Ուրբաթագրքի»` ֆաքսիմիլային ծրագրով պատրաստած տարբերակը:
Մ. Կարապետյանն իր խոսքում նշել է, որ գրքերի ցուցահանդես-վաճառքն Արցախում կազմակերպվում է երկրորդ անգամ. 5 տարի առաջ այն կազմակերպվել էր Արցախի բոլոր շրջաններում:
«Նպատակն է ուսանողներին ներկայացնել հրատարակչության ոլորտի նոր տեխնոլոգիաները, ինչպես նաև վերջին շրջանում «Էդիթ Պրինտ»-ի կողմից հրատարակված գրքերը: Ներկայացված է մոտ 100 անուն-գիրք, որոնց մեծ մասը լույս են տեսել վերջին կես տարում: Գրքերը վաճառվում են շուկայականից ցածր գնով»,- ասել է Մ. Կարապետյանը:
Հանդիպման ընթացքում բանախոսն անդրադարձել է նաև հրատարակչության գործունեությանը՝ նշելով, որ այն ստեղծվել է 1993 թվականին և այսօր տպագրվում են նաև երաժշտական, ինտերակտիվ աուդիոգրքեր, դասագրքեր, մանկական գրականություն, ինչպես նաև հայ դասական գրողների ստեղծագործություններ:
«Վերջին տարիներին հրատարակչությունը սկսել է զբաղվել նաև թարգմանական գրականությամբ՝ ամենից առաջ ձեռք բերելով գրքի թարգմանության հեղինակային իրավունքը: Առաջինը սկսել ենք թագմանել ֆրանսիացի գրող Անտուան դը Սենտ-Էկզյուպերիի ստեղծագործությունները: Այսօր այստեղ ներկայացված են թարգմանական գրականության այնպիսի նմուշներ, ինչպիսիք են Էրիխ Մարիա Ռեմարկի, Ջոն Գրինի, Սթիվեն Քովիի, Սպենսեր Ջոնսոնի, Քեն Բլանչարդի ստեղծագործությունները»,- ավելացրել է Մ. Կարապետյանը: