«ԱՐԻ» (Արցախ Րութս Ինվեսթմընթս) ծրագիրը, որն ամբողջությամբ ձևավորվել է Լիբանանում մեր հայրենակիցների միջոցներով, կգործի նաև Ավստրալիայում:
Նախատեսում ենք «ԱՐԻ»-ն տարածել նաև Հարավային Ամերիկայի մեր հայկական գաղութներում. Պետական նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին ապրիլի 19-ին կայացած ԱԺ լիագումար նիստի ժամանակ ասել է ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանի այն հարցին, թե Արցախում ծրագրի ընդարձակման և զարգացման ուղղությամբ ի՞նչ ակնկալիքներ կան՝ հաշվի առնելով ԱՀ պետական նախարարի վերջերս Լիբանան և Ավստրալիա կատարած այցերը:
Ա. Հարությունյանի խոսքով՝ Ավստրալիայում ծրագիրն ընդարձակելու անհրաժեշտություն եղավ, քանի որ ներգրավվել ցանկացողների թիվը մեծ էր:
«Կազմակերպչական աշխատանքներն ավարտելուց նախատեսում ենք «ԱՐԻ»-ն տարածել նաև Հարավային Ամերիկայի մեր այն հայկական գաղութներում, որտեղ տեսնում ենք ֆինանսական պոտենցիալ և ներդրումներ կատարելու ցանկություն: Այդ առւմով կարևորվում է հոկտեմբերին կայանալիք տնտեսական մեծ ֆորումը, որի գլխավոր պրոյեկտներից մեկը լինելու է «ԱՐԻ»-ն»,- ավելացրել է Ա. Հարությունյանը: