Մայիսի 6-ին Շուշիի «Նարեկացի» արվեստի միություն կայցելի Կոմիտասի թանգարան-ինստիտուտի աշխատակիցները, ովքեր այցի ընթացքում մի շարք թեմաներով կվարեն դասախոսություններ:
Շուշիի «Նարեկացի» կենտրոնում դասախոսություններ կկազմակերպվեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Նարեկացի» արվեստի միության ադմինիստրատոր Մարիամ Անդրեասյանը՝ տեղեկացնելով, որ մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար:
Նրա խոսքով՝ ժամը 15:00-ին դասախոսություն-աշխատանոց կանցկացվի «Կոմիտասը և հայ երաժշտությունը», իսկ 18։00- ին՝ համերգ-դասախոսություն «Հայ հոգևոր երգարվեստի պատմության ուրվագծեր» թեմաներով:
Նշենք, որ Շուշիի «Նարեկացի» արվեստի միության նախաձեռնությամբ մայիսի 5-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի աշխատակազմը նույն ծրագրով կայցելի նաև Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոց և Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարան։