Հանրապետությունում գարնանացան մշակաբույսերի հերկի տակ նախապատրաստվել է ավելի քան 11 հազ. 367 հեկտար տարածք, որից 8 հազ. 260 հեկտարի վրա արդեն ցանքս է կատարվել:
Գարնանացան մշակաբույսերի հերկի տակ 8 հազ. 260 հեկտար ցանքս է կատարվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԱՀ գյուղատնտեսության նախարարությունից՝ մանրամասնելով, որ այդ թվում 3 հազ. 247.7 հա-ը կազմում է հացահատիկային (ներառյալ եգիպտացորեն), 376 հա-ը՝ հնդկացորեն, 3 հազ. 347.4 հա-ը՝ յուղատու, 167.7 հա-ը՝ ընդեղեն, 735.4 հա-ը՝ բանջարաբոստանային մշակաբույսեր (ներառյալ կարտոֆիլ) և 385.5 հա-ը՝ բազմամյա կերային խոտաբույսեր:
Աղբյուրի հաղորդմամբ՝ նախորդ տարիների համեմատ՝ ցանքատարածությունների ավելացմանը զուգընթաց՝ դրական տեղաշարժ է նկատվում նաև դրանց կառուցվածքի բարելավման ուղղությամբ, ինչը չափազանց կարևոր է ցանքաշրջանառության կիրառման առումով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրապետության հողատարածքները տարիներ շարունակ զբաղեցվել են աշնանացան մշակաբույսերով, ինչը բացասաբար է անդրադարձել հողերի բերրիության և մշակաբույսերի բերքատվության վրա: Բացի այդ, ընդլայնվել է գարնանացան մշակաբույսերի տեսակային կազմը. մշակության մեջ են դրվել գարնանացան այնպիսի կուլտուրաներ, ինչպիսիք են հնդկացորենը, հլածուկը, արևածաղիկը, կտավատը, սոյան, ոլոռը, ոսպը և բազմամյա կերային խոտաբույսերը:
Նշենք, որ հանրապետության շրջաններում շարունակվում են ցանքատարածքներին հարակից հրդեհավտանգ տարածքներում, դեպի ցանքատարածքներ տանող ճանապարհների եզրերին, ինչպես նաև առատ տեղումների հետևանքով փարթամորեն աճած մոլախոտային բուսականության դեմ պայքարի կազմակերպման շրջանակում հրդեհականխարգելիչ գոտիների ստեղծման աշխատանքները: