Այսօր՝ ապրիլի 26-ին, Արցախի թանգարանների աշխատողների համար մեկնարկել են վերապատրաստման դասընթացներ:
Արցախի թանգարանների աշխատողների համար վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ դասընթացները կազմակերպվել են ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աջակցությամբ «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի և ԻԿՕՄ-ի (International Council of Museums) հայկական թանգարանների ազգային կոմիտեի համագործակցության արդյունքում:
Դասընթացների մեկնարկին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը կարևորել է այս ձևաչափով հանդիպումները՝ համարելով, որ մենք՝ բոլորս, միասնական, հայկական թանգարանների դաշտում ենք գործում, և Արցախի թանգարանների մասնագետները կարող են դասընթացների արդյունքում ձեռք բերել հիանալի փորձ, որն արդեն կա Հայաստանում:
«Անցած տարվանից «Արցախի պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն»-ը ԻԿՕՄ-ի ասոցացված անդամ է: Վստահ եմ, որ այս դասընթացների արդյունքում կազմակերպության անդամների քանակը Արցախից կավելանա: Պետք է մտածել նաև Հայաստանի թանգարանների ասոցիացիայի անդամ դառնալու վերաբերյալ: Շատ կարևոր է, որ Արցախի և Հայաստանի թանգարանների աշխատողները գործեն համատեղ: Դա մեզ լայն հնարավորություններ կընձեռի փորձի փոխանակման, արդյունավետ աշխատանքի առումով՝ դառնալով կարևոր քայլ թանգարանային մշակույթն առաջ տանելու ուղղությամբ»,- ավելացրել է Ս. Շահվերդյանը:
Միջոցառմանը ներկա ԻԿՕՄ Հայաստանի նախագահ Անի Ավագյանն էլ ասել է, որ, 1946 թվականից սկսած, թանգարանների միջազգային օրը նշվում է հենց այդ կազմակերպության նախաձեռնությամբ:
«Յուրաքանչյուր տարի որևէ ակտուալ թեմա է առաջադրվում թանգարաններին՝ դրա շուրջ իրենց գործունեությունը կազմակերպելու համար: Այս տարի ընտրվել է «Գերհաղորդակցվող թանգարաններ, նոր մոտեցումներ և նոր հասարակություն» թեման: Ամեն ինչ կապված է նոր տեխնոլոգիաների հետ՝ ինչքանով են թանգարանները ինտեգրված համացանցին, ինչքանով է դրանց մասին տեղեկատվությունը հասանելի և այլն: Երբեմն շփոթություն են առաջացնում թանգարանների միջազգային օր և գիշեր ակցիաները: Թանգարանային գիշերը անցնում է միջազգային օրվան նախորդող կամ հաջորդող շաբաթ օրը»,- նշել է Ա. Ավագյանը:
Նրա խոսքով՝ նախագծի նպատակն է ԻԿՕՄ Հայաստանի գործընկերների հետ փորձի փոխանակման արդյունքում կատարելագործել թանգարանների աշխատողների մասնագիտական հմտությունները:
ԻԿՕՄ Հայաստանի խորհրդի անդամ, «Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիա»-ի տնօրեն Հայկ Մկրտչյանն էլ նշել է, որ փորձելու են ոլորտի պատասխանատուների հետ հասկանալ առկա խնդիրները և, ինչքանով կարող են, նպաստել Արցախի հանրայնացմանը:
Հ. Մկրտչյանն ընդգծել է, որ առաջին անգամ են մասնագիտական համագործակցության շրջանակներում այցելում Արցախ՝ այս կերպ գործնական հարթակ ձևավորելով հետագա համագործակցության համար:
Իսկ դասընթացին ներկա Արցախի պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն Մելանյա Բալայանը նշել է, որ նման ձևաչափով հանդիպումների կարիքը այսօր ոչ միայն կա, այլև պահանջված է այնքանով, որ Արցախում գործող թանգարանները պետք է ավելի գործնական դաշտ բերել:
«Կարևոր է, որ այդ աշխատանքները մեկնարկեն թանգարանների աշխատողների վերապատրաստման գործընթացով: Մեր հասարակությունը կարիք ունի այսօր իր վերաբերմունքը ցուցաբերելու, սակայն դա պայմանավորված է նախ և առաջ թանգարանների աշխատանքով: Վերջիններս պետք է կարողանան իրենց աշխատանքի արդյունավետությունը այն աստիճան բարձրացնել, որ դրանով փորձեն հասարակության շրջանում քարոզչական, գաղափարախոսական շատ կարևոր գործառույթ իրականացնել: Բնականաբար, թանգարանների ամենակարևոր առաքելությունը թե՛ հասարակության և թե՛, առհասարակ, մեր երկիր այցելողների շրջանում քարոզչություն իրականացնելն է, որը կարելի է ակտիվ և նպատակամղված աշխատանքի վերածել»,- մասնավորապես ասել է Մ. Բալայանը:
Նշենք, որ դասընթացները շարունակվելու են նաև վաղը, որի ընթացքում մասնակիցներն այցելելու են Շուշիի թանգարաններ և «Տիգրանակերտ» պետական պատմամշակութային արգելոց: