Երևանի Կոմիտասի թանգարան-ինստիտուտի աշխատակազմը համերգ-դասախոսությամբ կայցելի Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոց, Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջ և Շուշիի «Նարեկացի» արվեստի միություն։
Համերգ-դասախոսությամբ Արցախ կայցելի Կոմիտասի թանգարան-ինստիտուտի աշխատակազմը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 30, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Նարեկացի» արվեստի միության ադմինիստրատոր Մարիամ Անդրեասյանը:
Նա նշել է, որ, մայիսի 5-ին, Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում թանգարան-ինստիտուտի գիտական բաժնի ղեկավար Տաթևիկ Շախկուլյանը հանդես է գալու «Կոմիտասը և հայ երաժշտությունը» թեմայով, իսկ արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյանը՝ «Հայ հոգևոր երգարվեստի պատմության ուրվագծեր» թեմայով դասախոսությամբ: Նույն օրը, ժամը 17:00-ին Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում տեղի է ունենալու Կոմիտասի թանգարան-ինստիտուտի «Գեղարդ» երգեցիկ խմբի համերգը:
Մեր զրուցակցը նաև տեղեկացրել է, որ մայիսի 6-ին՝ ժամը 15:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի աշխատակազմը համերգ-դասախոսությամբ հանդես կգա Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում: