Եվրամիության պատվիրակությունը մայիսի կեսին կմեկնի Թուրքիա՝ քննարկելու վիզաների ազատականացմանը և փախստականների հիմնախնդրին վերաբերող հարցեր։
Եվրամիության պատվիրակությունը կմեկնի Թուրքիա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, ներկայումս ուսումնասիրվում է Թուրքիայի համար մուտքի վիզաների ազատականացման վերաբերյալ փետրվարին Բրյուսել ներկայացված աշխատանքային նախագիծը։ ԵՄ պատվիրակությունը կայցելի Թուրքիա, երբ այդ նախագծի ուսումնասիրությունն ավարտվի։
Ավելի վաղ՝ ապրիլի 4-ին, Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ելույթի ժամանակ ԵՄ հարցերով նախարար և գլխավոր բանագնաց Օմեր Չելիքը հայտարարել էր, որ վիզաների ազատականացման հարցը քննարկվել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆրանս Թիմերմանսի հետ։
«Վիզաների ազատականացման վերաբերյալ մեր ներկայացրած գրության առթիվ առաջիկա ամսում մի պատվիրակություն կուղարկվի Թուրքիա՝ ներակայացնելու իրենց տեսակետները»,-ասել է նա։