Այսօր՝ մայիսի 2-ին, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի, զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանի և «Ֆիշ Այ Արթ» մշակութային հիմնադրամի տնօրեն, կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր:
ԱՀ մշակույթի նախարարությունը կաջակցի «Դրախտի դարպասը» ֆիլմի նկարահանման աշխատանքներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հուշագրի ստորագրումից հետո քննարկվել են Ջ. Ավետիսյանի «Դրախտի դարպասը» նոր ֆիլմի նկարահանման հետ կապված հարցեր, որին ներկա էին նաև ֆիլմի ստեղծագործական կազմի մի շարք անդամներ:
Կարևորելով նախաձեռնությունը՝ ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի, զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանն ասել է, որ լիազորությունների շրջանակներում ձգտում են ապահովել համագործակցությունն արվեստի և մշակույթի, հատկապես՝ կինոարվեստի բնագավառներում:
«Բարձրակարգ կինոն նոր լիցք է հաղորդում դերասանական արվեստին: Այն խթան է նաև Արցախն աշխարհին ճանաչելի դարձնելու գործում: Մենք ուզում ենք տեսնել Արցախը՝ որպես կինոնկարահանման հարթակ, որտեղ կամաց-կամաց պետք է լինեն տեղական նկարահանող խմբեր: Այդ կերպ մեզ մոտ կսկսի բարձրանալ հետաքրքրությունը կինոարվեստի նկատմամբ, որովհետև մենք, կարծես թե, մոռանում ենք կինոթատրոն այցելելու ավանդույթները: Ջ. Ավետիսյանի ստեղծագործության առանցքն Արցախն է, և ԱՀ կառավարությունը պատրաստ է աջակցել նրան՝ հայրենանվեր ծրագրերը կյանքի կոչելու գործում»,- մասնավորապես նշել է Ս. Շահվերդյանը:
Իր հերթին կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանն ասելէ, որ շուրջ 2 տարի է, ինչ տարվում են «Դրախտի դարպասը» ֆիլմի ստեղծման նախապատրաստական աշխատանքները:
«Մենք ևս համոզված ենք, որ այս ֆիլմը կնպաստի Արցախի ճանաչմանը: Ֆիլմում կներկայացվեն 2016 թվականի ապրիլյան իրադարձությունները: Հերոսուհին օպերային երգչուհի է, ով Բաքվից վերադարձել է Արցախ և փորձում է վերանորոգվող թատրոնում բեմադրել օպերային ներկայացում: Ֆիլմի նկարահանումները նախատեսվում է սկսել ընթացիկ տարվա հուլիս-օգոստոս ամիսներին: Հուսանք՝ 2019-ին այն կսկսի իր հաղթարշավը բարձրակարգ կինոփառատոններում: «Դրախտի դարպաս»-ի բովանդակային մասը ներկայացվելու է անգլերենով՝ միջազգային հանրությանը հասկանալի լինելու նպատակով»,- ավելացրել է Ջ. Ավետիսյանը:
Հանդիպմանը քննարկվել են նաև նախապատրաստական աշխատանքներին վերաբերող մի շարք այլ հարցեր: