Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աջակցությամբ Շուշիում այսօր տեղի է ունեցել հայկական դրամի թանգարանի բացման հանդիսավոր արարողություն:
Շուշիում բացվել է հայկական դրամի թանգարան (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թանգարանի հանդիսավոր բացմանը մասնակցող ԱՀ նախագահ Բակո Սահակյանը և ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել են ցուցադրված նմուշներին:
Շուշիի դրամի թանգարանում ցուցադրության է դրված հին հայկական՝ Ծոփքի հայոց թագավորության, Արտաշեսյան տոհմի՝ Տիգրան Մեծի, Արտավազդ 2-րդի, Կիլիկյան Հայաստանի, ռուսական կայսրության և ԽՍՀՄ ժամանակաշրջանների մետաղադրամներ ու թղթադրամներ:
Թանգարանում առանձնահատուկ տեղ է հատկացված Արցախին նվիրված ցուցադրությանը, որում ներկայացված են Տիգրանակերտ քաղաքից հայտնաբերված մետաղադրամներ, Շուշի քաղաքում 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին գործած դրամահատարանում հատված արծաթե մետաղադրամներ, ինչպես նաև ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տարբեր տարիների թողարկված հուշադրամներ՝ նվիրված Արցախին:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Շուշիի հայկական դրամի թանգարանի պատասխանատու, ՀՀ կենտրոնական բանկի դրամագետ Գևորգ Մուղալյանն ասել է, որ թանգարանի առաքելությունը հայկական դրամագիտության և դրամաշրջանառության պատմության բազմաթիվ թղթադրամների, մետաղադրամների, հուշադրամների, հուշամեդալների, այդ թվում՝ եզակի նմուշների և հավաքածուների ներկայացումն է՝ սկսած հայկական առաջին դրամներից, մինչև ժամանակակից նմուշներ:
«Շուշիի հայկական դրամի թանգարանը հնարավորություն կտա այցելուներին ծանոթանալու հայկական դրամաշրջանառության հարուստ պատմությանը, ինչպես նաև պատկերացում կազմելու ֆինանսական ու բանկային համակարգի զարգացման վերաբերյալ: Թանգարանում ներկայացված է 700 մետաղադրամ և թղթադրամ, որոնցից ամենահինը Ալեքսանդր Մակեդոնացու արծաթե մետաղադրամն է, որը գտնվել է Հայաստանի տարածքից և թվագրվում է մ. թ. ա. 4-րդ դարի վերջից»,-ասել է Գ. Մուղալյանը և ավելացրել, որ այն Արցախի և Հայատանի տարածքում իր տեսակով եզակի է:
Թանգարանի բացմանը ներկա էին նաև Արցախի և Հայաստանի Հանրապետությունների պետական և ռազմական բարձրաստիճան այրեր, հյուրեր: