Մայիսի 9-ին եռատոնին նվիրված տոնական միջոցառումների մեկնարկը Ստեփանակերտի փողոցներում տվել են ՊԲ-ի զինվորական շարասյուները, որոնք հաղթական քայլերգերով խորհրդանշել են հավատարմությունը մեր ազգային ու պետական կարեւորագույն արժեքներին եւ պատրաստակամությունը այսուհետ եւս ամեն գնով տեր կանգնելու այն բոլոր ձեռքբերումներին, որոնք նվաճվել են արյան ու մաքառումների գնով:
Լեւոն Մնացականյանը Բակո Սահակյանին և Նիկոլ Փաշինյանին զեկուցել է առաջնագծում տիրող վիճակի մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՊԲ-ից հայտնում են, որ այնուհետեւ մայրաքաղաքի «Վերածննդի» հրապարակից իրականացվել է ավանդական քայլերթ, որին մասնակցել են Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի հոգեւոր առաջնորդ Պարգեւ արք. Մարտիրոսյանը, հանրապետության զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի եւ հանրային լայն շրջանակների ներկայացուցիչներ:
Քայլերթի մասնակիցները Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել հանուն հայրենիքի նահատակված հերոսների հիշատակին, որից հետո այցելել եւ ոգեկոչման արարողություն են իրականացրել նաեւ Շուշին ազատագրած առաջին տանկ-հուշարձանի եւ Վազգեն Սարգսյանի հուշարձանի մոտ:
Տոնական միջոցառումների ավարտից հետո հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության եւ գործողությունների համադրման ծրագրի շրջանակում ՊԲ-ի շտաբում անց է կացվել ծառայողական խորհրդակցություն, որտեղ ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը հայկական երկու պետությունների ղեկավարներին զեկուցել է առաջնագծում առկա օպերատիվ-մարտավարական իրադրության շուրջ, քննարկվել են համագործակցության հետագա ընդլայնմանն ու հակառակորդին զսպելու մեխանիզմների կատարելագործմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Խորհրդակցությանը ներկա է գտնվել նաեւ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը: