75 կգ քաշային կարգում հունահռոմեկան ոճի աշխարհի չեմպիոն, 2012 թ. օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Ջուլֆալականը նոր մրցաշրջանում իր առաջին գոտեմարտերն անցկացրեց ըմբշամարտի Գերմանիայի ակումբային թիմերի Բունդեսլիգայի առաջնությունում:
Արսեն Ջուլֆալակյանը հաղթանակով է մեկնարկել Բունդեսլիգայում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Արսենը նոյեմբեր ամսվա ընթացքում իր ակումբի՝ «KSV–Aalen-05»-ի կազմում մասնակցեց Գերմանիայի բունդեսլիգայի «հարավային» գոտու մրցաշարի 10 և 11-րդ մրցափուլերի հանդիպումներին: «Աալեն-05»-ը ոչ-ոքի ՝ 13:13 հաշվով ավարտեց հանդիպումը «Ադելհաուզեն»-ի հետ: Ջուլֆալակյանը հանդես եկավ 75 կգ քաշային կարգում և 3:0 հաշվով առավելության հասավ Բոզո Ստարզեվիչի նկատմամբ:
Ապա «KSV–Aalen-05»–ն ուժերը չափեց «հարավային» գոտու մրցաշարի առաջատար «Նենդիգենի» հետ ու զիջեց 5:16 հաշվով: Չնայած իր ակումբի պարտությանը՝ Արսենը այս մրցամարտում էլ իր թիմի համար հաղթական միավորներ վաստակեց: Նա 86 կգ քաշային կարգում համոզիչ՝ 5:0 հաշվով պարտության մտնեց Ֆլորիան Նեումայերին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
Հավելենք նաև, որ «հարավային» գոտու մրցաշարին մասնակցում են 7 թիմ ու նրանց մրցապայքարում Ջուլֆալակյանի թիմը, որն անցկացրած 11 հանդիպումներից 5-ում հաղթել է, նույնքան պարտություն է կրել ու մեկ հանդիպում էլ ոչ-ոքի է ավարտել, առայժմ ընթանում է 4-րդ տեղում: 12-րդ մրցափուլի հանդիպումը «Աալեն-05»-ը կանցկացնի դեկտեմբերի 6-ին, որտեղ մրցելու է «Վեինքարտենի» հետ, որը հիմա զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը:
Ջուլֆալակյանն այս մրցաշարում ելույթ ունեցող հնաբնակներից է, քանի որ հանդես է գալիս 2009 թվականից: