Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) աֆրոամերիկյան և հաղորդակցության ուսումնասիրությունների ավագ դասախոս, պրոֆեսոր Փոլ Ֆոն Բլումն այսօր Արցախի պետական համալսարանում հանդիպել է ուսանողների և դասախոսների հետ:
Վաղ թե ուշ ԱՄՆ-ն կճանաչի Արցախի անկախությունը. Կալիֆորնիայի համալսարանի դասախոս
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հանդիպմանը Փոլ Ֆոն Բլումը հիմնականում խոսել է Արցախի անկախության ճանաչման, 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության, ԱՄՆ-ում տիրող ռասսայական խտրական քաղաքականության մասին: Նա իր ելույթում կոչ է արել չմոռանալ Ցեղասպանության պատմական փաստարկները և դրանք ներկայացնել տարբեր լսարաններում:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ բանախոսը նշել է, որ իր Արցախ այցելելու հիմնական նպատակներն են Արցախում տեղի ունեցածի մասին առավել լավ պատկերացում կազմելը, ինչպես նաև միջազգային հանրության ուշադրությունն Արցախի վրա սևեռելը: Ինքը հաճախ է ելույթներ ունենում միջազգային տարբեր հարթակներում, որտեղ միշտ խոսում է հայ ժողովրդի և նրա պատմության մասին:
Փոլ Ֆոն Բլումն ավելացրել է, որ ինքը տեղեկացված է Արցախի մասին: Այս օրերին Արցախից ստացած իր տպավորություններով ինքն անպայման կկիսվի իր ուսանողների և կոլեգաների հետ:
«Ես հիացած եմ հատկապես Արցախի և Հայաստանի երիտասարդներով, ովքեր ձգտում են ժողովրդավարության: Այս առումով ամերիկացիները շատ բան ունեն սովորելու հայ ժողովրդին»,-ավելացրել է Փոլ Ֆոն Բլումը և ընդգծել, որ վաղ թե ուշ ԱՄՆ-ն կճանաչի Արցախի անկախությունը:
Խոսելով Հայոց ցեղասպանության մասին՝ Փոլ Ֆոն Բլումն ասել է, որ ամբողջ աշխարհը պետք է իմանա, թե թուրքերն ինչպիսի վայրագություններ են կատարել հայ ժողովրդի նկատմամբ:
Լինելով Հոլոքոստից փրկվածի զավակ՝ նա հայերի նկատմամբ կատարվածն ընդունում է որպես իր անձնական ցավ:
«Ես հայկական հարցի պաշտպանը կլինեմ այնքան ժամանակ, մինչև որ թուրքական կառավարությունը հասկանա, որ Հայոց ցեղասպանության ժխտումն անթույլատրելի է»,-ասել է Փոլ Ֆոն Բլումը:
Նրա խոսքով՝ անժխտելի փաստ է, որ Ցեղասպանությունը, իրոք, տեղի է ունեցել, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունն ավելի շատ, քաղաքական հիմնախնդիրներից ելնելով, վախենում է Թուրքիայի ռեակցիայից: Անշուշտ, կգա ժամանակ, և ԱՄՆ-ն կմիանա աշխարհի քաղաքակիրթ ժողովրդներին. նա ևս կճանաչի Հայոց ցեղասպանությունը: