Այսօր՝ մայիսի 25-ին, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր:
Արցախի և Հայաստանի զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին հուշագիր է ստորագրվել (տեսանյութ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հուշագրի ստորագրումից հետո Ս. Շահվերդյանը և Զ. Զեյթունցյանը պատասխանել են լրագրողների հարցերին:
Խոսելով փոխըմբռնման հուշագրի նպատակների մասին՝ Ս. Շահվերդյանն ասել է, որ այն կնպաստի զբոսաշրջության բնագավառում պետական և մասնավոր հատվածի համագործակցությանը, զբոսաշրջային հոսքերի ավելացմանը:
Նա նշել է, որ այն նպաստելու է նաև զբոսաշրջության բնագավառի վիճակագրության, զաբոսաշրջային ռեսուրսների մասին տեղեկատվության, գովազդային նյութերի փոխանակման, զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսների, տոնավաճառների, համաժողովների, սեմինարների և այլ մշակութային և զբոսաշրջային միջոցառումների կազմակերպմանը:
«Այն նաև ազդեցություն կունենա փորձի փոխանակման, զբոսաշրջության կառավարման և մարքեթինգի, ինչպես նաև հյուրանոցային գործի կառավարման բնագավառներում: Այն կօգնի նաև խթանելու ներդրողների, զբոսաշրջության բնագավառի հասարակական և ոչ առևտրային այլ կազմակերպությունների միջև համագործակցության հաստատմանը և զարգացմանը»,-մասնավորապես ավելացրել է Ս. Շահվերդյանը:
Հուշագիրն Արցախի և Հայաստանի 10 տարիների ոլորտային աշխատանքների համագործակցության շարունակությունն է:
Ս. Շահվերդյանի խոսքով՝ Հայաստանի հետ համագործակցության արդյունքները տեսանելի են, և այն ակնառու է Արցախ այցելող զբոսաշրջիկների թվաքանակի ավելացման առումով:
Զարմինե Զեյթունցյանն էլ ասել է, երբ ստեղծվել է Հայաստանի զբոսաշրջության պետական կոմիտեն, այդ օրվանից էլ իրենք սկսել են համագործակցել Արցախի հետ:
«Մեր ամենակրևոր նպատակն այն է, որ մենք Արցախի և Հայաստանի զբոսաշրջային արդյունքն ընկալում ենք որպես համահայկական ձեռքբերում: Այսինքն՝ միջազգային հարթակներում մեր ստեղծած բոլոր մարքեթինգային նյութերում ներկայացվում է Արցախն ու Հայաստանը: Մենք մեր համագործակցությունն ավելի ենք ակտիվացնելու, որպեսզի Հայաստանի քաղաքացիներն ավելի շատ այցելեն Արցախ»,-ավելացրել է Զ.Զեյթունցյանը:
«Արցախպրես»-ի թղթակցի այն հարցին, թե փոխըմբռնման հուշագրի շրջանակներում առաջիկայում իրականացվելիք ինչ ծրագրեր է նախատեսվում, Զ. Զեյթունցյանը պատասխանել է, որ ներկայումս ընթանում է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության կայք էջի մշակումը, իսկ հաջորդ քայլն էլ լինելու է Արցախի և Հայաստանի կայք էջերի ինտեգրումը՝ որպես մեկ ամբողջական հարթակ:
«Արցախի զբոսաշրջային գրավչությունը Հայաստանի քաղաքցուն ներկայացնելու համար հանրային հեռուստատեսությամբ մի քանի հայկական ֆիլմեր կցուցադրենք.հեռուստադիտողները կտեսնեն ոչ միայն բնաշխարհի գեղեցկությունները, այլև կզգան մարդկանց ջերմությունը: Նշեմ, որ «Ճանաչենք մեր հայրենիքը» ծրագրի շրջանակներում Արցախի մասին շուրջ 20 հոդված է արդեն տպագրվել»,-ասել է Զ. Զեյթունցյանը և տեղեկացրել, որ ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, իրաներեն լեզուներով Հայաստանի մասին տպագրվել են բրոշյուրներ. այնտեղ ներկայացված են Արցախի զբոսաշրջային վայրերը:
Իսկ Ս. Շահվերդյանն էլ հավելել է, որ զբոսաշրջության բնագավառում իրականացվելիք ծրագրերի էական մասը տեսանելի չէ հանրությանը, քանի որ այդ աշխատանքները ներկայացվում են այլ հարթակներում և թյուր կարծիք է կազմվում, թե իբր զբոսաշրջիկների թվաքանակն ինքնաբերաբար է աճում:
Նա նշել է, որ անցած տարի Արցախը միջազգային զբոսաշրջիկների 67% աճ է ունեցել, որը նաև ՀՀ իրենց գործընկերների հետ համագործակցության արդյունք է: