Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջը համալրվել է երաժշտական նոր գործիքներով
ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում «Երաժիշտները՝ երաժիշտների համար» (Musicians for Musicians) նախագծի շրջանակներում տեղի է ունեցել դասական երաժշտության համերգ։
Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջը համալրվել է երաժշտական նոր գործիքներով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 29, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Համերգին մասնակցում էին Բելգիայից և Նյու-Յորքից ժամանած թավջութակահարներ Սևակ Ավանեսյանը և Լիլիթ Քուրդիյանը, Բրյուսելից և Երևանից՝ ջութակահարներ Յոսիֆ Իվանովը և Աստղիկ Վարդանյանը և դաշնակահար Արթուր Ավանեսովը. նրանք կատարել են հայ և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում այսօր երաժիշտներն անց են կացնում նաև վարպետության դասեր:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Սևակ Ավանեսյանն ասել է, որ «Երաժիշտները՝ երաժիշտների համար» միջազգային նախագիծը մեկնարկել է 2016 թվականից:
Նրա խոսքով՝ բարեգործական համերգների արդյունքում իրենց հավաքագրված երաժշտական գործիքները (թավջութակ, ալտ, կոնտրաբաս ջութակ, աղեղ) նվիրաբերել են Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջին. այդ գործիքները նրանք խոստացել էին դեռևս 2 տարի առաջ: Երաժշտական գործիքներից կոնտրաբասը ձեռք է բերվել Բելգիայի հայ համայնքի կողմից: Նախագծի անդամներն այս տարվա գարնանը երաժշտական գործիքներ են նվիրել նաև Գյումրիի և Էջմիածնի երաժշտական քոլեջներին:
«Կոչ եմ անում բոլորին. եթե տանն ունեք երաժշտական գործիքներ, որոնք չեք օգտագործում, նվիրաբերք դրանց կարիքն ունեցող երեխաներին»,-նշել է Ս. Ավանեսյանը:
Նախագծի անդամները հունիսի 27-28-ը, Երևանում որպես ժյուրիի անդամներ մասնակցել են Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախաձեռնած երաժշտական մրցույթին, որին Արցախից և Հայաստանից մասնակցել է 48 հոգի:
Արցախցի մասնակիցները մրցույթում գրավել են մրցանակային տեղեր և, որպես պարգև, ստացել երաժշտական գործիքներ:
Ջութակահար Աստղիկ Վարդանյանն ասել է, որ մեկ շաբաթ առաջ Սևակ Ավանեսյանի առաջարկով ինքը ևս միացել է «Երաժիշտները՝ երաժիշտների համար» նախագծին:
Նա ողջունել է նախագիծը և ասել, որ իր համար պատիվ է նմանատիպ միջոցառումներին մասնակցելը:
«Արցախի երեխաները կատարումներով բավականին բարձր մակարդակով են հանդես գալիս: Վարպետության դասերի միջոցով մենք կփորձենք երեխաներին նոր ուղղություններ ցույց տալ, ինչպես նաև ծանոթացնել երաժշտության նրբություններին: Երաժիշտներիս համար միշտ էլ շատ կարևոր է տարբեր դասընթացների մասնակցելը, քանի որ այս կերպ ևս կատարելագործվում ենք: Վարպետության դասերի արդյունքում, ի հայտ բերելով լավագույն երեխաների, կփորձենք նրանց մասնակցությամբ նաև համերգներ կազմակերպել»,-մասնավորապես ասել է Ա. Վարդանյանը:
Իսկ ջութակահար Յոսիֆ Իվանովն էլ ասել է, որ ինքը մինչ Արցախ և Հայաստան գալը հայ երաժիշտներից ծանոթ էր միայն Արամ Խաչատրյանի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններին:
Երևանում ինքը ընդգրկված լինելով մրցութային համերգի ժյուրիի կազմում՝ ծանոթացել է հայ այլ երաժիշտների ստեղծագործությունների ևս:
«Ես նկատել եմ, որ Արցախում և Հայաստանում երաժշտության հանդեպ մակարդակը և հարգանքը զգալի բարձր է»,-ընդգծել է Յոսիֆ Իվանովը:
Նա հուսով է, որ հաճախակի կլինի Արցախում և Հայաստանում և նորովի կբացահայտի հայ ազգին ու նրա երաժշտական արվեստը:
Միջոցառմանը ներկա էին երաժիշտներ, քոլեջի սաներ և հասարակության արվեստասեր ներկայացուցիչներ: