ԼՂՀ Գյուղի և Գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Բախշիյանը ապրիլի 5-10-ը մասնակցել է Չեխիայի հանրապետության Բրնո քաղաքում կազմակերպված միջազգային ագրոցուցահանդեսին:
ԼՂՀ ԳԳԱ հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշիյանը մասնակցել է Բրնոյի միջազգային ագրոցուցահանդեսին
ԼՂՀ Գյուղի և Գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Բախշիյանը ապրիլի 5-10-ը մասնակցել է Չեխիայի հանրապետության Բրնո քաղաքում կազմակերպված միջազգային ագրոցուցահանդեսին:
Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ԳԳԱՀ տեղեկատվության բաժնից՝ հավելելով, որ ցուցահանդեսին ներկայացված էին համաշխարհային ճանաչում ունեցող գյուղտեխնիկայի, գյուղատնտեսական արտադրանքների, սերմերի և այլ նյութերի բազմաթիվ ցուցանմուշներ:
Այցի հիմնական նպատակներից Արցախում արտասահմանյան ներդրումներ ապահովելու ուղղությամբ տարված աշխատանքներն են, որի շրջանակներում Ա. Բախշիյանը գործնական հանդիպումներ է ունեցել Չեխիայի ֆինանսական խոշոր բանկային կառույցների և ընկերությունների ներկայացուցիչների, ինչպես նաև՝ մի շարք անհատ գործարարների հետ: Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռքբերվել արցախյան գյուղատնտեսական մի շարք ծրագրերի արտոնյալ վարկավորման վերաբերյալ:
Այցի շրջանակներում Ա. Բախշիյանը հանդիպել է նաև Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Տեղի են ունեցել շահագրգիռ քննարկումներ, առաջարկվել են նոր ծրագրեր Արցախի գյուղատնտեսության, ինչպես նաև այլ ոլորտների զարգացմանն առնչվող հարցերի շուրջ:
Աղբյուրի տեղեկացմամբ, միջազգային ագրոցուցահանդեսին, ԼՂՀ Գյուղի և Գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի գործադիր տնօրենի մասնակցությանը աջակցել է Արևելյան Եվրոպայում Ռուսաստանի Դաշնության առևտրա-արդյունաբերական պալատի ներկայացուցիչ Վլադիմիր Միկոյանը: