Համոզված եմ, որ Արցախը զբոսաշրջիկներին էլ ավելի կգրավի իր մաքուր բնամթերքով. ֆրանսահայ խոհարար (լուսանկարներ)
ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ, Արցախի «Պոլ Էլուար» տուն ֆրանկոֆոնիայի կենտրոն հիմնադրամի ծրագրերի շրջանակներում, հայկական արմատներ ունեցող ֆրանսիացի շեֆ խոհարար Ալեն Ալեքսանյանն այցելել է Արցախ՝ ծանոթանալու արցախյան խոհանոցի գաղտնիքներին, ինչպես նաև իր հին ու ավանդական բարադրատոմսերը ներկայացնելու տեղի խոհարարներին ու հրուշակագործներին:
Համոզված եմ, որ Արցախը զբոսաշրջիկներին էլ ավելի կգրավի իր մաքուր բնամթերքով. ֆրանսահայ խոհարար (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ալեն Ալեքսանյանն օգոստոսի 3-10 Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն» հյուրանոցային համալիրում անց է կացնում խոհարարական դասընթացներ, որին մասնակցում են Արցախում գործող արտադրական ընկերությունների աշխատակիցներ և անհատ ձեռներեցներ:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ալեն Ալեքսանյանն ասել է, որ ինքն Արցախում է հուլիսի 28-ից: Նա այցելել է Արցախի տարբեր շրջաններ, մտել պատահական տներ և համտեսել նրանց պատրաստած արցախյան ուտեստները:
«Նկատել եմ որ արցախցիները շատ հյուրասեր մարդիկ են, բոլորն էլ սիրով են հյուրընկալել ինձ և մատչելի ձևով բացատրել ուտեստների պատրաստման ձևերն ու եղանակները, ինչպես նաև խոսել դրանց օգտակարության մասին: Արցախի օդը մաքուր է, բնությունը՝ կախարդիչ, այստեղ աճում են տարբեր բուսատեսակներ, որոնք զուրկ են արհեստական լրացուցիչ սնուցումից: Արցախի բնակլիմայական պայմանները նպաստում են այստեղ տարատեսակ բույսերի բազմազանության առկայությանը,-ասել է Ա. Ալեքսանյանը և ավելացրել,- ես այստեղ եմ, ոչ միայն ֆրանսիական ուտեստներ ներկայացնելու, այլև ծանոթանալու և սովորելու Արցախի դարերից եկող խոհանոցային հարուստ մշակույթին: Ցանկալի կլինի, որ Արցախի այցեքարտ «Ժենգյալով հաց» ուտեստը տարածվի աշխարհով մեկ, ինչպես, օրինակ, իտալական «Պիցցա»-ն»:
Խոսելով արցախյան և ֆրանսիական խոհանոցների նմանությունների մասին՝ խոհարարն ասել է, որ Արցախի և Ֆրանսիայի ճաշատեսակներն ու բուսատեսակները տարբեր են. դրանք Արցախի յուրօրինակ բնության բարիքներն են:
Անդրադառնալով Արցախին՝ Ա. Ալեքսանյանն ասել է, որ այս երկիրը հեքիաթային է, բայց, ցավոք սրտի, քչերն են ճանաչում Արցախը:
«Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի ֆրանսիացիների մոտ հետաքրքրություն առաջացնեմ դեպի Արցախը, նրա հրաշք բնությունը, պատմամշակութային մեծ արժեքները, հերոսական պատմությանը, հյուրասեր և լավատես մարդկանց և ավանդական խոհանոցը: Համոզված եմ, որ Արցախը զբոսաշրջիկներին էլ ավելի կգրավի իր մաքուր բնամթերքով»,-ավելացրել է Ա. Ալեքսանյանը:
Նա տեղեկացրել է, որ ինքն այլ ծրագրերով էլի կայցելի Արցախ: