Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն hունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը հաղթանակով է ավարտել իր մենամարտը ԱՄՆ չեմպիոն և Օլիմպիական խաղերի միակ հույս Կայլ Դեյկի հետ
Արսեն Ջուլֆալակյանը հաղթել է Կայլ Դեյկին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Շնորհավորհում եմ բոլորիս «Madison square garden»-ում տարած գեղեցիկ հաղթանակի կապակցությամբ: Սա առանց չափազանցության պատմական իրադարձություն էր նախ այն պատճառով, որ Հայաստանը ներկայացնող առաջին հայազգի մարզիկն էր հանդես գալիս այդ հիասքանչ դահլիճում, որտեղ ներկա էին 6000-ից ավելի հանդիսատեսներ, այդ թվում` մեր հայրենակիցները, նչն անչափ ոգևորող և հաճելի էր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ֆեյսբուքի իր էջում գրել է Ջուլֆալակյանը:
Վերջինս նաև իր դժգոհությունն է հայտնել կազմակերպիչներից. «Ամեն ինչ սկսվեց օդանավակայանից, երբ ինձ և մարզչիս ոչ ոք չդիմավորեց: Երբ մեր տեղացի հայի օգնությամբ ժամանեցինք հյուրանոց, և կապվեցի կազմակերպչի հետ`հայտնելու դժգոհությունս, 1000 անգամ ներողություն խնդրեց և նշեց, թե դա, իբր, թյուրիմացություն է: Բայց հետագայում պարզվեց, որ դրանք խորապես մտածված քայլեր էին, ինձ հունից հանելու, նյարդայնացնելու և հնարավորինս դժվարություններ ստեղծելու համար: Խնդիրներ հյուրանոցում, մարզումների կազմակերպման հարցում, զույգերի բացակայություն, փորձ` փոխելու գոտեմարտի օրենքները»,-գրել է Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնը:
Ջուլֆալակյանը մենամարտը շահել է 6-3 հաշվով: