Ստեփանակերտում ֆրանսախոսների ակումբը նշել է գործունեության 20 ամյակը

14:59   30 հոկտեմբերի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Տոնի առթիվ ակումբի մասնակիցները հանդես են եկել մշակութային ծրագրով, ցուցադրվել է գործունեության մասին պատմող տեսանյութ, ինչպես նաև նշվել են ակումբ այցելելու հիմնական առավելությունները:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում SPFA կազմակերպության նախագահ Ջանիկ Մանիսյանն ասել է, որ ակումբի բացման հիմնական նպատակն էր արցախցի երեխաների համար ֆրանսերենը սովորելու հնարավորություն ստեղծելը:

«Ֆրանսիան հարուստ մշակույթ ունեցող երկիր է, որը միշտ իր բարերար ազդեցությունն է ունեցել հայկական մշակույթի զարգացման վրա: Կարծում եմ՝ այն լավ հնարավորություն է, որպեսզի լեզվի միջոցով երեխաները կարողանան յուրացնել այն ամենը, ինչը օգտակար կլինի թե´ իրենց և թե´ Արցախի համար»,- նշել է Ջ. Մանիսյանը:

Իսկ SPFA կազմակերպության արցախյան գրասենյակի ներկայացուցիչ Լիլիթ Մինասյանն ասել է, որ արդեն 20 տարի՝ Ստեփանակերտի ֆրանսախոսների ակումբը ֆրանսերեն լեզվի անվճար ուսուցում է կազմակերպում երիտասարդների համար: «Այս տարիների ընթացքում ակումբը երբեք հետաքրքրվողների պակաս չի ունեցել: Բացի լեզվի ուսուցումից մենք նաև հետաքրքիր ծրագրեր ու առաջարկներ ենք անում մեր մասնակիցներին, ինչը ավելի է խթանում լեզվի յուրացմանը»,- ասել է Լ. Մինասյանը և հավելել, որ ակումբն իր գործունեությունը ծավալում է մայրաքաղաքի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում:



© artsakhpress.am