Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և անդրադարձել Արցախում մշակվող հողերին:
Արցախի ազատագրված հողերում 30 և ավելի հեկտար հող մշակողների թիվը ընդամենը 298-ն է. Աղաբեկյան
«1994 թվականին զինադադարից հետո լինելով 1-ին ՊՇ հրամանատար / հարավային ուղղություն/, ամեն անգամ, երբ անցնում էի Հադրութ-Ֆիզուլի մայրուղով, մտածում էի՝ տեսնես ազատագրված այս հողը մի օր կմշակի արցախցին, տեսնես մեր հերոսների արյամբ ազատագրված այս հողը արժանի կդառնա մեր ժողովրդին:
2012 թվականին, երբ նոր էի վերադարձել Արցախ, ի պաշտոնե հաճախ էի մեկնում Արաքսի ափ, որտեղ սկիզբ էր դրվում Արաքսի հովիտ ռազմավարական ծրագիրը: Ուրախանում էի՝ ճանապարհին տեսնելով հազարավոր հեկտար մշակված հողեր, ու տխրում՝ հանդիպելով տասնյակ հազարավոր հեկտար անմշակ հողերի, որոնք դեռ սպասում են իրենց մշակին:
Երջանկությունս բազմապատկվում էր ամառվա բերքահավաքի օրերին, երբ Հայաստանից ժամանած հարյուրավոր բեռնատարներ հացահատիկը տեղափոխում էին Հայաստան, ու, փառք Աստծո, տարեցտարի միայն բազմապատկվում է Արցախից հացահատիկ տեղափոխող բեռնատարների թիվը:
Կցանկանայի որոշ տվյալներ հրապարակել 2008-2018թթ. Արցախի ազատագրված տարածքներում 30 և ավելի հեկտար վարձակալած հողօգտագործողների թվաքանակի և մշակվող հողերի մասին:
Շատ կցանկանայի հրապարակեի այդ հայրենասեր անհատների անունները (եթե չլիներ անձնական տվյալների հրապարակման պաշտպանության սահմանափակումները), ովքեր լոկոմոտիվի նման իրենց հետևից տանում են տասնյակ անգամ ավել մարդկանց՝ ապահովելով արժանապատիվ աշխատանքի պայմաններ մեր քաղաքացիների համար:
Այսօր Արցախի ազատագրված հողերում 30 և ավելի հեկտար հող մշակողների թիվը ընդամենը 298-ն է, ընդհանուր առմամբ մշակելով միայն 30243 հեկտարը: Իսկ Արցախի 571 հազար հեկտար վարելահողերից, ցավոք, մշակվում է դեռ 121 հազար հեկտարը, ու արձանագրենք, որ Արցախում դեռևս կա հազար հեկտար անմշակ վարելահող, որոնք տարեցտարի կամ թփակալում են կամ ենթարկվում են էրոզիայի, դառնալով անպիտան հողեր:
Ստորև ներկայացված են 30 և ավելի հեկտար հողագործների կողմից մշակվող հողերի քանակը շրջան առ շրջան.
Ասկերանի շրջան- 2018թ. դեկտեմբերի դրությամբ՝ 40 վարձակալ, որոնք մշակում են 30 և ավելի հեկտար հող, ընդհանուր առմամբ մշակում են 4805 հեկտար հող, իսկ 2008 թվականին նրանց թիվը ընդամենը 7-ն էր, և նրանք մշակում էին 542 հեկտար հող:
Մարտունու շրջան- 2018թ. դեկտեմբերի դրությամբ՝ 30 վարձակալ, որոնք մշակում են 30 և ավելի հեկտար հող, ընդհանուր առմամբ մշակում են 2383 հեկտար հող, իսկ 2008 թվականին նրանց թիվը ընդամենը 9-ն էր, և նրանք մշակում էին 904 հեկտար հող:
Հադրութի շրջան- 2018թ. դեկտեմբերի դրությամբ՝ 76 վարձակալ, որոնք մշակում են 30 և ավելի հեկտար հող, ընդհանուր առմամբ մշակում են 5588 հեկտար հող, իսկ 2008 թվականին նրանց թիվը ընդամենը 10-ն էր, և նրանք մշակում էին մոտ 1000 հեկտար հող:
Մարտակերտի շրջան- 2018թ. դեկտեմբերի դրությամբ՝ 24 վարձակալ, որոնք մշակում են 30 և ավելի հեկտար հող, ընդհանուր առմամբ մշակում են 2567 հեկտար հող, իսկ 2008 թվականին ընդամենը կար 2 վարձակալ, և նա մշակում էր 170 հեկտար հող:
Քաշաթաղի շրջան- 2018թ. դեկտեմբերի դրությամբ՝ 138 վարձակալ, որոնք մշակում են 30 և ավելի հեկտար հող, ընդհանուր առմամբ մշակում են 14900 հեկտար հող, իսկ 2008 թվականին նրանց թիվը ընդամենը 31-ն էր, և նրանք մշակում էին 1100 հեկտար հող:
Հուսամ, այս տվյալների հրապարակումը միայն խթան կհանդիսանա մշակվող հողերի չափը մեծացնելու և նոր տնտեսավարող-հողագործների Արցախի ազատագրված հողի վրա իրենց գործունեությունը ծավալելու համար»: