ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը վաղը կայցելի Գյումրի։
Պերմյակովը քրեական պատասխանատվության կենթարկվի ՀՀ տարածքում. գլխավոր դատախազ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, Գյումրիում հունվարի 12-ի գիշերը տեղի ունեցած սպանդի հարցով նախագահ Սերժ Սարգսյանի հետ խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց գլխավոր դատախազը։
«Այս ընթացքում ես ուղղակի չհասցրեցի Գյումրի գնալ, վաղը առավոտյան 10-ին կլինեմ Գյումրիում, եւ գյումրեցիներին առանձին-առանձին ամենայն մանրամասնությամբ կներկայացնեմ ամբողջ ընթացակարգը»,- ասաց Կոստանյանը։
Դիմելով գյումրեցիներին եւ ամբողջ հայ ժողովրդին՝ գլխավոր դատախազը վստահեցրեց, որ Վալերի Պերմյակովն օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության կենթարկվի։
«Ես վստահեցնում եմ, որ այդ հանցագործը քրեական պատասխանատվության կենթարկվի Հայաստանի Հանրապետության տարածքում, եւ մենք բոլորս կտեսենք ու հնարավորություն կունենանք հետեւել թե ամբողջ ընթացակարգին, եւ թե պատասխանատվության ենթարկելու ամբողջ գործընթացը»,- ասաց Կոստանյանը։
Նշենք, որ Կոստանյանը կարճ խոսեց լրագրողների հետ, չմոտեցավ Գյումրիի ողբերգության հետ կապված համազգային սգո օրեր հայտարարելու պահանջով նախագահականի մոտ հավաքված քաղաքացիներին, եւ հեռացավ նրանց սուլոցների եւ «ամոթ» վանկարկումների ներքո։
Հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության համար մեղադրվում է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը։ Նրան հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի մոտ: Որոշվել է, որ Պերմյակովի գործը կքննի ռուսական կողմը: