Կտորեղենի արտադրությամբ զբաղվող «Սանդերք» ՍՊ ընկերությունը գործունեության տեսակով առայժմ միակն է Արցախում:
Արցախում տեքստիլ արտադրության զարգացման համար ուսումնասիրվում է Չինաստանի փորձը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ընկերության տնօրեն Կարեն Չիրկինը, «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում խոսելով արտադրության ծավալների մասին, նշեց, որ ամսական արտադրվում է 5 տեսակի մոտ 10 տոննա բամբակյա կտորողեն, որոնց համար անհրաժեշտ հումքը ներկրվում է Միջին Ասիայից: Ներկայումս ֆաբրիկայում շահագործվում է 48 հաստոց, իսկ մեկ ամսից նախատեսված կարի արտադրամասի բացմամբ ևս 6-10 հաստոցներ կավելացվեն:
Անցած տարի «Սանդերք» ընկերությունն ընդլայնել է արտադրության իրացման շուկան, որի շրջանակներում երևանյան որոշ ընկերությունների հետ ձեռքբերված պայմանավորվածությունների արդյունքում, արտադրանքի զգալի մասն իրացվել է Հայաստանում:
«Նախորդ տարվա համեմատ՝ ավելացել են կտորեղենի արտադրման ծավալները, ինչը հիմնականում պայմանավորված է պատվերներով: Մեր հիմնական պատվիրատուն ԼՂՀ Պաշտպանության բանակն է, սակայն կարում ենք նաև բանվորական արտահագուստներ տեղական տարբեր կազմակերպությունների համար: Պատվերներ ունենք նաև առողջապահության նախարարությունից: Մեր արտադրանքի մի զգալի մասն էլ շուկայականից 2 անգամ ցածր գներով վաճառքի է հանվում տեղում: Բարձրորակ գործվածքի մեջ օգտագործում ենք բացառապես բամբակ»,- մանրամասնեց ընկերության տնօրենը` հավելելով, որ արտասահմանյան շուկա դուրս գալու համար անհրաժեշտություն է զգացվում կատարելագործել գործվածքը որակյալ ներկելու գործընթացը:
Առաջին հերթին կարիք կա տեղում ունենալ ներկատուն, քանի որ առայժմ արցախյան արտադրության կտորեղենի ներկումն իրականացվում է Գյումրիում: Այդ նպատակով, «Սանդերք»-ի պատասխանատուի հաղորդմամբ, ընկերության երկու աշխատակիցներ գործուղվել են Չինաստան՝ ուսումնասիրելու տեքստիլ արտադրության ձեռնարկությունների համապատասխան փորձը, որի արդյունքում չինացի մասնագետների հետ նախնական պայմանավորվածություն է ձեռքբերվել ներկատան համար ժամանակակից սարքավորումներ բերել և տեղադրել գործարանում:
Ներկայումս կտորեղենի մշակման և արտադրության ֆաբրիկան ունի 48 հիմնական աշխատող՝ ամսական 90 հազար դրամ միջին աշխատավարձով: Տնօրենի հավաստիացմամբ, կարի արտադրամասի բացումից հետո ևս 6 աշխատատեղ կավելանա, իսկ նոր պատվերների ու դրանցով պայմանավորված արտադրության ծավալների մեծացման դեպքում՝ նախատեսվում է աշխատատեղերի համալրում 13 պայմանագրային աշխատողներով: Ընկերությունում ուշադրության կենտրոնում է պահվում մասնագետների կատարելագործման հանգամանքը, ինչի շրջանակներում «Սանդերք» ընկերության 2 աշխատակիցներ ընդունվել և հեռակա սովորում են Մոսկվայի տեքստիլ համալսարանում: