Գոյություն ունեն Ղարաբաղյան հիմնախնդիր և Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթաց, որոնք անհրաժեշտ է տարբերակել:
Արցախցիների ճակատագիրն առանց արցախցիների լուծելն անհնար է. Ալեքսանդր Իսկանդարյան
Գոյություն ունեն Ղարաբաղյան հիմնախնդիր և Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթաց, որոնք անհրաժեշտ է տարբերակել: Դրանք կապված են իրար հետ, բայց տարբեր թեմաներ են, ունեն տարբեր խաղացողներ և տարբեր տրամաբանություն:
Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:«Ուորլիքն իր վեց կետերով ոչ մի նորություն չասաց: Այս վեց կետերը մադրիդյան սկզբունքների տրամաբանական շարունակությունն են, այսպես կոչված` նորացված մադրիդյան սկզբունքների:
Այսինքն` դա այն է, ինչ եղել է: Ուորլիքի ասածի մեջ նորությունն այն է, որ նա դա հանրային կերպով է ասել: Այդ մասին մինչ այժմ, իհարկե, խոսում էին, սակայն`քաղաքագետները, մասնագետները և լրագրողները:
Ոչ մի նորություն չկար, բայց մի բան է, երբ դա ասում է ինչ-որ քաղաքագետ, մեկ այլ բան, երբ այդ բանն անում է քաղաքական գործիչը, ով փաստացիորեն ընդգծում է, որ դա ԱՄՆ-ի դիրքորոշումն է»,-«Արցախպրես»-ի փոխանցմամբ, նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը:
Իսկանդարյանի կարծիքով, Ղարաբաղն Ադրբեջանի տարածք վերադարձնել արդեն ոչ ոք չի պատրաստվում: Ադրբեջանում փնտրում են մի մոդել, որը կփրկի ադրբեջանցիների դեմքը, որպեսզի դա իրենց բավարարի: «Պարոն Ալիևն այս փաստն իր ժողովրդին ասել չի կարող, չի կարող հրապարակայնորեն հայտարարել այս մասին:
Այժմ սա հրապարակայնորեն հայտարարված է: Բացի այդ, ոչինչ չի պատահել»,-հավելեց քաղաքագետը:Իսկ անդարյանի համոզմամբ, արցախցիներն ասում են` մենք կանք, մեզ հետ պետք է հաշվի նստել:
«Արցախցիների ճակատագիրն առանց արցախցիների լուծելն անհնար է: Նրանք գործընթացի վրա կազդեն իրենց համար բոլոր հնարավոր եղանակներով: Այդ եղանակները տարբեր են: ԼՂՀ բնակչությունը նման բան ցույց տվեց Բերձորում` կանգնելով Մինսկի համանախագահների ճանապարհին:Պետք չէ մտածել, որ խնդիրը կկարգավորվի մոտ ապագայում, չկա կոնսենսուս, կան բազմաթիվ խնդիրներ»,-ընդգծեց քաղաքագետը:
Միևնույն ժամանակ Իսկանդարյանը հնարավորություն չի տեսնում, որ Ադրբեջանը համաձայն լինի ինչ-որ բան քննարկել Արցախի հետ,որովհետև չի տեսնում ադրբեջանական կողմից ցանկություն։