Հաշվի առնելով մամուլում տեղ գտած հրապարակումներն ու մեկնաբանությունները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Արցախի Հանրապետության կառավարությանը բյուջետային վարկ տրամադրելու վերաբերյալ` «Արցախպրես»-ը մեկնաբանության խնդրանքով դիմել է ԼՂՀ ֆինանսների փոխնախարար Գրիգորի Մարտիրոսյանին։
Ի՞նչ նպատակով է Արցախի կառավարությունը 20 մլն դոլլար վարկ վերցրել. պարզաբանում է ֆինանսների փոխնախարարը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Փոխնախարարի պարզաբանմամբ՝ ՀՀ կառավարության որոշմամբ ԼՂՀ կառավարությանը 20 մլն ԱՄՆ դոլարի չափով տարեկան 8 տոկոս տոկոսադրույքով բյուջետային վարկը տրամադրվում է լրացուցիչ, և որևէ առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրամադրվող ամենամյա միջպետական վարկի հետ, որն ընթացիկ տարում նախատեսված է 45.5 մլրդ դրամ, և ԼՂՀ-ն այն շարունակում է ստանալ սահմանված կարգով և ժամկետներում:
«Ի դեպ, նշյալ ամենամյա միջպետական վարկի որոշակի մասը, ըստ էության, անուղղակիորեն փոխհատուցում է ԼՂՀ տնտեսվարող սուբյեկտների կողմից ՀՀ մաքսային սահմանին վճարված հարկերն ու մաքսատուրքերը:
ԼՂՀ կառավարության կողմից ստացված` 8 տոկոս տոկոսադրույքով բյուջետային վարկը նախատեսվում է ուղղել տնտեսական և հիփոթեքային ծրագրերի իրագործմանը»,-ասաց Գ. Մարտիրոսյանը՝ հավելելով, որ մասնավորապես, «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության», «Արցախի ներդրումային» և նորաստեղծ «Արցախի սոցիալական ծրագրերի» հիմնադրամներն իրականացնում են բազմաթիվ ծրագրեր` ուղղված գյուղատնտեսության, փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցությանն ու հիփոթեքային վարկավորման սուբսիդավորմանը, որոնց գումարները ներգրավվում են բանկային ռեսուրսներից՝ շատ ավելի բարձր տոկոսներով, իսկ կառավարությունը մասնակի սուբսիդավորում է այդ վարկերի սպասարկումը:
«Այսպիսով` հիշատակված բյուջետային վարկը շահավետ այլընտրանք է հանդիսանում բարձր շուկայական տոկոսադրույքներով բանկային միջոցներին, և ուղղվելու է այդ ծրագրերի ֆինանսավորմանը: Հետևաբար, միայն կարելի է ողջունել այն փաստը, որ պետական բյուջեից ավելի քիչ միջոցներ կուղղվեն տոկոսների սուբսիդավորմանը: Ինչ վերաբերում է պետական բյուջեից վճարվող աշխատավարձերին, թոշակներին ու այլ սոցիալական վճարներին` կարող ենք փաստել, որ պետական բյուջեով նախատեսված եկամտային ու ծախսային հոդվածներն այս պահին կատարվում են ըստ նախատեսված ժամանակացույցի և ծավալների»,- խոսքը եզրափակեց ԼՂՀ ֆինանսների նախարարի տեղակալը: