Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ օրերս Բաքվում կայացած հանդիպումը դրամատիկ է ստացվել և քիչ է մնացել սկանդալի վերածվի։
Սկանդալ Բաքվում՝ Պուտին-Էրդողան հանդիպումից առաջ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒՆԻՍԻ 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ: kommersant.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահը հանդիպման համար պետք է ժամաներ այն հյուրանոցը, որտեղ իջևանել էր Էրդողանը՝ Four Seasons։
Ինչ-որ պահի բանակցությունների սրահում հայտնվել է Թուրքիայի նախագահը՝ արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և պատվիրակության մի քանի անդամների ուղեկցությամբ։
Դա, մեղմ ասած, անսպասելի է եղել. չկար ոչ միայն Վլադիմիր Պուտինը, այլև ռուսական պատվիրակությունից ոչ ոք։ Էրդողանը չորս կողմն է նայել՝ փնտրելով գործընկերոջն ու մռայլվել է։
«Պարզ իրադրություն չէր, դա արարողակարգի տապալում էր՝ հավանաբար թուրքական. նրանք շեֆին բանակցային սենյակ էին կանչել այն դեպքում, երբ Ռուսաստանի նախագահն անգամ իր հյուրանոցից դուրս չէր եկել»,- գրում է ռուսական լրատվամիջոցը։
Թուրքիայի նախագահը կողքերն է նայել, իսկ Վլադիմիր Պուտինը ոչ միայն ուշանում էր, այլև անգամ չէր էլ պատրաստվում գալ։
Հենց այդ պահին կարելի է ասել ներխուժեցին փրկիչները՝ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլերը։ Նրանց հաջորդեցին «Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոն ու էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, գրում է kommersant.ru-ն։
Սերգեյ Լավրովն անմիջապես մոտեցել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Նա բարևել է, սակայն չի ժպտացել՝ անգամ քաղաքավարությունից ելնելով։ Պարոն Լավրովը խոսել է նրա ու Թուրքիայի արտգործնախարարի հետ, կարծես նրա համար կարևոր չէր՝ Թուրքիայի նախագահը պատասխանում է, թե ոչ։
Ինչ- որ պահի Էրդողանի նյարդերը տեղի են տվել, և նա արագ դուրս է եկել սենյակից։ Իրավիճակը սկանդալային է եղել։
Անսպասելիորեն Էրդողանը հայտնվել է արդեն մեկ այլ դռնից, և մի քանի րոպե անց մտել է Վլադիմիր Պուտինը։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը դիմավորել է նրան, սեղմել ձեռքն ու լռել։ Նա այդպես էլ նստել է բազկաթոռին՝ ոչինչ չասելով։ Սակայն Ռուսաստանի նախագահն էլ չի շտապել խոսել։ Նրանք այդպես նստել են լրագրողների ներկայությամբ ու մի քանի րոպե չեն խոսել։
Լրագրողները չեն հեռացել, և դա զգալով՝ Էրդողանը հանկարծ ասել է, որ Եվրոպական խաղերի բացումն իրեն դուր է եկել, սակայն Եվրամիության առաջնորդներից ոչ ոք չի եղել։
«Անհասկանալի է, թե ինչո՞ւ նա հենց դա ասաց»,- գրում է լրատվամիջոցը։ Վլադիմիր Պուտինը ևս տարօրինակ արձագանք է տվել։ «Ոչինչ, փոխարենը Թուրքիան, որպես ԵՄ մտնելու թեկնածու, ներկայացնում էր ողջ Եվրամիությունը»,- ասել է ՌԴ նախագահը։
Դա կոպիտ հնչեց. պարզ է, որ դա այդքան տարի ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրի նախագահի համար ցավոտ թեմա է, գրում է լրատվամիջոցը։ «Մենք գործընթացի մեջ ենք»,-դժկամությամբ ասել է Էրդողանը։