Ատրպատականի Սուրբ Թադեի եկեղեցում եռօրյա ուխտագնացության ավարտին հազարավոր ուխտավորների մասնակցությամբ օրհնվել է Հայաստանում օգոստոսին անցկացվելիք Համահայկական ամառային խաղերի ջահը:
Սուրբ Թադեի եկեղեցում օրհնվել է Համահայկական խաղերի ջահը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒԼԻՍԻ 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ալիք»-ի փոխանցմամբ՝ ջահի վառվելու եւ օրհնելու արարողությանը մասնակցել են Հայաստանի եւ Իրանի պետական այրեր, իրանահայ երեք թեմերի ազգային իշխանությունների ներկայացուցիչներ:
Իրանահայերն ամեն տարի եռօրյա ուխտագնացություն են կազմակերպում դեպի Ատրպատականի Սուրբ Թադեի եկեղեցի՝ ի հիշատակ Սուրբ Թադեոս առաքյալի: Այս տարվա ուխտագնացությունն իրանահայերը նվիրել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Եռօրյա ուխտագնացության ժամանակ եկեղեցում տեղի է ունեցել «Սասունցի Դավիթ» երաժշտական թատերական ներկայացումը: Ուխտագնացության շրջանակում հուլիսի 24-ին մատուցվել է պատարագ եւ կատարվել ջրօրհնեքի արարողություն: