ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովը 2013 թվականին Ադրբեջանի նավթագազային ընկերության (SOCAR) հաշվին կոնգրեսականների այցը Բաքու օրենքի խախտում չի որակել:
Ադրբեջանամետ լոբբիստները SOCAR-ի փողերով խաբել են ամերիկացի կոնգրեսականներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՕԳՈՍՏՈՍԻ1, ԱՐՑԱԽՊՐԵՍ: contact.az-ի փոխանցմամբ՝ երեկ հանձնաժողովը հայտարարել է, որ կոնգրեսականներն իրավունք են ստացել մեկնել Կասպիցի ափ՝ չիմանալով, որ բոլոր ծախսերը հոգալու են տեղի իշխանությունները։
Երեք ամիս տևած քննության, 12 մարդու հարցաքննության և մոտ 200 էջ փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում կոմիտեն պարզել է, որ 10 ամերիկացի օրենսդիրներ՝ 6 դեմոկրատ և 4 հանրապետական, մոլորության մեջ են եղել։
Հյուսթոնից լոբբիստական մի ընկերություն, որն ԱՄՆ-ում աշխատել է ի շահ Ադրբեջանի կառավարության և կազմակերպել կոնգրեսականների այցը Բաքու, իրեն ներկայացրել է որպես միջոցառման գլխավոր հովանավոր, և չի հաղորդել, որ այցը ֆինանսավորվում է SOCAR-ի բյուջեից։
Այդ ընկերության ներկայացուցիչները հրաժարվել են հանդես գալ հանձնաժողովում։
Այս գործի քննությունը մեկնարկել էր 2015 թվականի մայիսին, երբ Washington Post թերթը հաղորդել էր, որ ադրբեջանական նավթային ընկերությունն ամերիկացի հյուրերի այցն ապահովելու համար 750 հազար դոլար է ծախսել։
Հակակոռուպցիոն օրենքն ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամներին արգելում է այլ երկրների կառավարություններից նվերներ ընդունել և այցեր իրականացնել նրանց հաշվին։