Ամերիկացի հայտնի ռեփեր Քանյե Ուեսթին առաջիկա կիրակի օրը կայանալիք MTV Video Music Awards-ի ժամանակ ստեղծագործական կյանքում ձեռքբերումների համար մրցանակ կհանձնվի։ Մայքլ Ջեքսոնի անվան այս մրցանակը, որն արարողության բարձրագույն պարգևն է, կշնորհվի Ուեսթին իր «նորարական տեսահոլովակների, լեգենդար ելույթների և երաժշտության, արվեստի, նորաձևության և մշակույթի վրա շարունակական ազդեցության համար»:
Քանյե Ուեսթին MTV Video Music Awards-ի ժամանակ Մայքլ Ջեքսոնի անվան մրցանակ կհանձնվի
BBC-ի փոխանցմամբ` մրցանակը նախորդ տարիներին շնորհվել է այնպիսի կատարողների, ինչպիսիք են Մադոննան, Բեյոնսեն, Բրիթնի Սփիրսը, Ջասթին Թիմբերլեյքը և The Rolling Stones-ը։
Այս մրցանակի հաղթողի անունը հայտարարվում է հանդիսավոր արարողությունից մեկ շաբաթ առաջ, որպեսզի հաղթողը ներկա գտնվի արարողությանը։
MTV Video Music Awards-ի մյուս մրցանակակիրների հայտարարման արարողությունը կկայանա առաջիկա կիրակի՝ օգոստոսի 30-ին՝ Լոս Անջելեսի «Մայքրոսոֆթ» թատրոնում։
Հաղորդվում է, որ 38-ամյա Քանյե Ուեսթն արդեն հաստատել է իր մասնակցությունը: Նշվում է նաև, որ նա հանդես կգա թողարկման պատրաստվող SWISH ալբոմից նոր երգով։