Իտալացի դիրիժոր, «Ալ Բուստան» միջազգային երաժշտական փառատոնի գեղարվեստական ղեկավար, ապրիլի 24-ին «24/04» համաշխարհային նվագախումբը ղեկավարած Ջանլուկա Մարչիանոն ընդգրկվել է Ադրբեջանի արտգործնախարարության «սև ցուցակում»։
Իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն Արցախ այցելելու համար հայտնվել է Ադրբեջանի «սև ցուցակում»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ադրբեջանական լրատվամիջոցները, մեջբերելով մաեստրո Մարչիանոյի խոսքերն այն մասին, որ ինքը մտավախություն չունի հայտնվելու Ադրբեջանի «սև ցուցակում», նշում են, որ «Սահմանի մասին» օրենքի համաձայն՝ ԼՂՀ այցելած անձինք կպատժվեն, անհրաժեշտության դեպքում կենթարկվեն քրեական պատասխանատվության։
Սեպտեմբերի 1-ին Ջանլուկա Մարչիանոն Ստեփանակերտում ներկա է գտնվելու Վերդիի «Ռեքվիեմ»-ի արցախյան պրեմիերային։ Նրան մշակութային այս իրադարձությանը հրավիրել է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը։
Օրեր առաջ դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն, պատասխանելով հայ լրագրողների` Արցախ այցելելով մտավախություն չունի, թե կհայտնվի Ադրբեջանի «սև ցուցակում» հարցին, պատասխանել էր. «Սեպտեմբերի 1-ին կայանալիք նախագիծը մշակույթի միջոցով խոսում է խաղաղության մասին, և շատ ուրախ եմ մասը կազմել այդ միջոցառման։ Ինձ չեն կարող հետ կանգնեցնել ինչ-որ քաղաքական հարցեր։ Սա հենց այնպիսի մշակութային ծրագիր է, որը կոչ է անում բացել սահմանները, ապրել խաղաղությամբ, և ոչ մի արտիստ, կարծում եմ, նման միջոցառումներից հետ չի կանգնի»։
Ի պատասխան ադրբեջանական հիստերիայի՝ Ջանլուկա Մարչիանոն ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղադրում է արցախյան ուղևորության իր նկարները։