Սենթ Լուիսի սուպերմրցաշարի հաղթող Լևոն Արոնյանը մեկնաբանել է առաջիկայում Բաքվում կայանալիք շախմատի Աշխարհի գավաթին իր մասնակցությունը:
Կփորձեմ Բաքվում հանդես գալ ինչպես խաղաղություն բերող երաժիշտները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ : «Մեկ շաբաթից մեկնում եմ Բաքու, իսկ Աշխարհի գավաթից հետո կխաղամ արագ շախմատի Աշխարհի առաջնությունում, որը տեղի կունենա Բեռլինում: Ցավոք, շախմատիստներից համար դժվար է երկրների միջև հակամարտության կարգավորմանը: Բայց չէ՞ որ երաժիշտները, արվեստի տարբեր ճյուղերի ներկայացուցիչները գալիս են Ադրբեջան. մարդիկ, ովքեր բերում են խաղաղություն, և ես պատրաստվում եմ հետևել նրանց օրինակին: Կփորձեմ ցույց տալ, որ ես հարգում եմ հարևան երկրին, գործի դնել շախմատում իմ լավագույն կարողությունները և հաճույք պատճառել տեղի երկրպագուներին»,- chess-news.ru-ի հետ զրույցում նշել է հայազգի գրոսմայստերը:
Հայաստանն աշխարհի գավաթի խաղարկությունում ներկայացնելու են գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Սամվել Տեր-Սահակյանը: 1-ին մրցափուլում միմյանց դեմ հանդիպելու են՝ Լևոն Արոնյան–Միքայել Վիդենկելլեր, Գաբրիել Սարգսյան-Մատեուշ Բարտել, Հրանտ Մելքումյան -Գատա Կամսկի, Սամվել Տեր-Սահակյան-Նիկիտա Վիտյուգով: Մասնակիցների մեջ են նաև ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի գրոսմայստերներ Վարուժան Հակոբյանն ու Սամուել Սևյանը: Հակոբյանի մրցակիցը կլինի Չեխիայի ներկայացուցիչ Վիկտոր Լազիչկան, իսկ Սևյանինը՝ ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը: Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում են 128 շախմատիստներ: Յուրաքանչյուր մրցամարտի ժամանակ կողմերը խաղալու են 2 պարտիա՝ մեկական սպիտակ և սև գույներով: Հավասար՝ 1 : 1 հաշվի դեպքում, կանցկացվեն լրացուցիչ պարտիաներ, արդեն արագ և անհրաժեշտության դեպքում նաև կայծակնային խաղի կանոններով՝ մինչև կորոշվի հաղթողը: Պայքարն ընթանալու է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնալու հետագա պայքարից: