Սալոնիկում Հունաստանի կանանց միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ կայացել է բարեգործական միջազգային Food Festival փառատոնը, որին մասնակցել են նաեւ Սալոնիկի հայ համայնքի ներկայացուցիչները:
Սալոնիկում կայացած Food Festival-ին հունահայ համայնքը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Սալոնիկում Հունաստանի կանանց միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ կայացել է բարեգործական միջազգային Food Festival փառատոնը, որին մասնակցել են նաեւ Սալոնիկի հայ համայնքի ներկայացուցիչները:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Սալոնիկի հայ համայնքի ներկայացուցիչ Աննա Խասապը տեղեկացրեց, որ համայնքը մրցույթ-փառատոնին շատ լավ է մասնակցել, ներկայացրել ոչ միայն ավանդական հայկական կերակրատեսակներ, այլեւ ազգային երգ, երաժշտություն եւ պարային համարներ:
«Հայկական տաղավարի մոտ միշտ հնչում էր հայկական երաժշտություն, այն բազմամարդ էր եւ հյուրերը հետաքրքրվում էին, թե ինչպես ենք պատրաստել այս կամ այն ճաշատեսակը»,- ասաց Աննա Խասապը` հավելելով, որ միջոցառմանը մասնակցել են համընդհանուր ջանքերով եւ իրենց օժանդակությունն են ցուցաբերել նաեւ Սալոնիկում գործող «Անի» մասնաճյուղի անդամները, ովքեր աջակցել են կերակուրների եւ քաղցրավենիքի պատրաստման հարցում:
Մի քանի տասնյակ համայնքների մասնակցությամբ անցկացվող փառատոնին հայ համայնքը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը` հավաքելով ավելի քան 400 կտրոն: Փառատոնը բարեգործական է եւ ուղղվել է կարիքավոր մարդկանց աջակցությանը: «Սա շատ լավ առիթ է ոչ միայն օտարներին հերթական անգամ հայկական մշակույթն ու խոհանոցը ներկայացնելու, այլեւ մեր մասնակցությամբ ցույց տալու, որ հայերը Հունաստանի քաղաքացիներ են եւ ամեն ջանք գործադրում են Հունաստանի բարեկեցության համար: Սա շատ կարեւոր է, քանի որ Հունաստանը, որպես պետություն միշտ հայերի եւ Հայաստանի կողքին Է, եւ մենք` հայ համայնքի ներկայացուցիչներս, դա շատ ենք կարեւորում»,- ասաց Աննա Խասապին: