ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած վիճակագրական հաշվետվությունների համաձայն ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 87 մլրդ 289.4 մլն դրամ, որոնք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 13.8 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ նվազել՝ 2 տոկոսով:
ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից տրամադրված վարկերը զգալիորեն աճել են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ՝ վարկերի 1.2 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը, որոնք 2014թ. հոկտեմբերի 1-ի համեմատ աճել են 13.7 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ նվազել՝ 2 տոկոսով:
Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 68.7 տոկոսը, որոնք 2014թ. հոկտեմբերի 1-ի համեմատ աճել են 43.5 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ նվազել են 3.7 տոկոսով: Ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ բանկերում կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները կազմել են 58 մլրդ 371 մլն դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 8 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ նվազելով 6.7 տոկոսով: Ավանդների ընդհանուր ծավալում 71.3 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 19.7 տոկոսը` ցպահանջ, 9 տոկոսը` նպատակային ավանդները: