Ռումինիայում Ադրբեջանի նախկին, ներկայում Սլովենիայում Ադրբեջանի դեսպան Էլդար Հասանովը (քրեական աշխարհում` Էդգար) սերտ կոռուպցիոն կապերի մեջ է ռումինական մաֆիայի կնքահայր Նիկ Գեարայի, ինչպես նաեւ թուրքական ծագումով քրեական գործիչ Սաբիթա Դանըշի հետ:
Ռումինիայում Ադրբեջանի դեսպանը սերտկապերի մեջ է այդ երկրի մաֆիայի կնքահոր հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 29, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին իր գլխավորած haqqin.az- ում հայտնում է կայքի գլխավոր խմբագիր Էյնուլլա Ֆաթուլլաեւը` «Դեսպան Էլդարը եւ մաֆիոզ Նիկ Գեարան միեւնույն ցանցում են» սենսացիոն հոդվածում:
Ֆաթուլլաեւը նման եզրակացության հանգել է ռումինացի լրագրողների, մասնավորապես, Քրիստինա Հերեայի հետ համատեղ անցկացված երկարատեւ հետազոտությունից հետո:
2012 թվականին Ռումինիայում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո, որի արդյունքում հրաժարական էր տվել Էմիլ Բոկոյի կառավարությունը, այդ ժամանակ Ռումինիայում Ադրբեջանի դեսպան Էլդար Հասանովը շտապ վերադառնում է Բաքու, որտեղ իրեն ոչ ոք չէր սպասում, եւ հայտարարում, որ չի վերադառնա Բուխարեստ, քանի որ չի ցանկանում աշխատել Ռումինիայի նոր կառավարության հետ:
Այդ իրադարձությունը խիստ անբնական, ավելի ճիշտ տարօրինակ եւ ոչ բնութագրական էր ադրբեջանական քաղաքական էլիտայի համար: Ներկայիս իշխանության ժամանակ ինքնակամ ոչ ոք հրաժարական չի տալիս, քանի որ ալիեւյան քաղաքական մշակույթի համաձայն պաշտոնից հրաժարումը հավասարազոր է քաղաքական դավաճանությանը:
Որոշ ժամանակ անց Էլդար Հասանովը նշանակվում է Սերբիայում Ադրբեջանի դեսպան:
Ռումինական մաֆիայի կնքահոր` Գեարայի հետ ադրբեջանցի դեսպանին կապում են ոչ միայն համատեղ կոռուպցիոն գործողությունները, այլ նաեւ դեռեւս Ադրբեջանի գլխավոր դատախազի պաշտոնում եղած ժամանակ գումարախաղային բիզնեսի նկատմամբ վերջինիս բուռն հակումը: Էլդար Հասանովը հանդիսացել է Բուխարեստում Նիկ Գեարայի խաղատների հատուկ հյուրը, որտեղ նրան որպես իրենց մարդ կոչում էին Էդգար: Էլդար Հասանովն անմիջական շահեր ուներ քրեական բիզնեսի այդ հատվածում: Նա հենց Նիկ Գեարայից է գնել Ռումինիայում Ադրբեջանի դեսպանատան շենքը, եւ այդ գործարքը նրան պատկառելի եկամուտ է բերել:
Ռումինացի մաֆիոզի հետ ադրբեջանցի դեսպանի շահերի սերտ միահյուսումը հասել է այնպիսի մասշտաբների, որ Էլդար Հասանովը Նիկ Գեարայի մաֆիոզ ցանցը մատակարարել է Ադրբեջանի դեսպանատան դիվանագիտական համարանիշերով:
Հենց Նիկ Գեարայի միջոցով է Էլդար Հասանովը դուրս եկել Ռումինիայում Serghei Limited Inc ընկերությունը հիմնած Սապունարեսկու եւ Սկոբելտինա ցանցի վրա, որը հիմնականում զբաղվում էր նավթով եւ նավթամթերքներով: Այդ ցանցը զբաղվում էր նաեւ թրաֆիքինգով եւ դրանով հայտնվել ռումինական հատուկ ծառայությունների եւ լրագրող-հետազոտողների տեսադաշտում:
Ռումինիայում Ադրբեջանի դեսպանատունը հայտնի է նաեւ Վիեննայում ադրբեջանական թղթադրամների տպագրելու գծով խոշոր կոռուպցիոն սկանդալով եւ Ավստրիայում ընթացող աղմկալից դատական գործընթացով: Այդ կոռուպցիոն գործով ֆինանսական հոսքերը մոմլաթե փաթեթներով Բուխարեստից Վիեննա էին գնում հենց Ադրբեջանի դեսպանատնից..., հոդվածում նշում է Էյֆուլլա Ֆաթուլլաեւը: