Վեսթմինսթերյան աբբայությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության նոր սրբադասված նահատակների հիշատակի ոգեկոչման արարողության վերջում արքայազն Չարլզը մոտեցել է Լոնդոնի Սբ. Եղիշե Հայկական եկեղեցու երգչախմբի անդամներին ու բոլորին անձամբ շնորհավորել:
Կոմիտասի երաժշտությունը մեծ տպավորություն գործեց Չարլզի վրա. Մարիաննա Ասատրյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 31, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին, NEWS.am STYLE-ին հայտնել է երգչախմբի անդամներից` Մարիաննա Ասատրյանը:
NEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ հոկտեմբերի 28-ին նախագահ Սերժ Սարգսյանը եւ Նորին Արքայական Մեծություն, Ուելսի արքայազն Չարլզը Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում գտնվող, Վեսթմինսթերյան աբբայությունում մասնակցել են 1915թ. Հայոց ցեղասպանության նոր սրբադասված նահատակների հիշատակի ոգեկոչման արարողությանը:
Արարողության ժամանակ հոգեւոր երգերը կատարել է Լոնդոնի Սբ. Եղիշե Հայկական եկեղեցու երգչախումբը:
«Սա շատ կարեւոր միջոցառում էր ոչ միայն Անգլիայի հայկական համայնքի, այլեւ ամբողջ սփյուռքահայության համար: Շատ նշանակալից էր, որ արարողությանը ներկա էին արքայազն Չարլզն ու մի շարք հոգեւորական առաջնորդներ, եւ որ այն անցկացվեց Վեսթմինսթերյան աբբայությունում»,-նշեց Մարիաննան` ավելացնելով, որ, այնուամենայնիվ, «գենոցիդ» բառն այդպես էլ չարտասանվեց անգլիացիների կողմից:
Մարիաննայի խոսքով` արքայազնը տպավորված էր Վեսթմինսթերյան պալատում հնչող Կոմիտասի երաժշտությունից. «Միջոցառման վերջում Չարլզը մոտեցավ մեզ եւ մեր երգչախմբի բոլոր անդամներին անձամբ շնորհավորեց»,-ոգեւորությամբ նշեց Մարիաննան: