Պաշտոնական Բաքվի պահվածքը զազրելի է և դատապարտելի ցանկացած մարդկային չափանիշով:
ԵԽ պատգամավորն Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը զազրելի արարք է անվանել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Եվրախորհրդարանում Եվրոպայի ժողովրդական կուսակցության խմբի անդամ, ԵԽ-ում Լեռնային Ղարաբաղի բարեկամության խմբի նախագահ Ֆրանկ Էնգելը:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքին, երբ Արցախի ուղղությամբ առաջին անգամ հակառակորդը կիրառել էր տանկ՝ նա նշել է. «Ինձ զայրացրել է Ադրբեջանի վերջին հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա, որի ժամանակ սպանվել է հայ զինվոր: Հրադադարի ռեժիմի հաստատումից հետո առաջին անգամ Ադրբեջանը կրակել է տանկերից, ինչը հստակ ապացուցում է, որ Ադրբեջանն անգամ նվազագույն ցանկություն չունի հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Պաշտոնական Բաքուն արդեն երկար ժամանակ է, ինչ պատրաստվում է պատերազմի, նրա մտադրությունը պատերազմելն է»:
Ֆրանկ Էնգելն ընդգծել է, որ Եվրոպան պետք է գիտակցի, որ հանձին Ադրբեջանի` համագործակցում է մի երկրի հետ, որը մտադրություն ունի սկսելու ռազմական դիմակայություն իր հարևանի հետ:
ԼՂՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, ըստ որի իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ լարված: Հակառակորդն առաջին անգամ հրասայլից (տանկ) արկակոծման է ենթարկել ՊԲ հարավային ուղղությամբ տեղակակայված մարտական դիրքերը: Ընդհանուր առմամբ, դեկտեմբերի 8-ին և լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 180 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (101 արկ), 82 (193 արկ), 120 (35 արկ) միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 (27 արկ) և ՌՊԳ-7 (3 արկ) տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1500 կրակոց: Հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի զենիթահրթիռային կայանք (17 արկ) և հրասայլ (5 արկ):
Հակառակորդի կողմից խոշոր տրամաչափի դիպուկահար հրացանից արձակված կրակոցից դեկտեմբերի 8-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Գարիկ Գուրգենի Ավանեսյանը: