Դեկտեմբերի 24-ին ռուսական ավիացիան Սիրիայում գրոհայիններին 189 հարված է հասցրել, այդ թվում` 47 արտապլանային հարված այն թիրախներին, որոնք հայտնաբերվել էին օդանավակայանում եւ օդում հերթապահության դիրքերից:
ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբ. ՌԴ ավիացիան դեկտեմբերի 24-ին համարյա 200 հարված է հասցրել Սիրիայի գրոհայիններին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Միայն երեկ 189 հարված է հասցվել գրոհայինների օբյեկտներին, որոնցից 142-ը` պլանային, մնացածները` օդանավակայանում եւ օդում հերթապահության ընթացքում հայտնաբերված թիրախներին», - ասել է նա: Գեներալի խոսքով, դինամիկ փոփոխվող իրավիճակի պայմաններում արտապլանային հարվածներն առավել արդյունավետ են, որովհետեւ ահաբեկիչներին թույլ չեն տալիս դուրս գալ կրակի տակից: Ռուդսկոյը նաեւ տեղեկացրել է, որ ռուսական ավիացիան Սիրիայում գործողության սկզբից ի վեր 5240 մարտական թռիչք է իրականացրել, որոնցից 145-ն իրականացրել է Հեռահար ավիացիան:
«Սեպտեմբերի 30-ից ի վեր Սիրիայում ռուսական ավիացիոն խումբը 5240 մարտական թռիչք է իրականացրել, այդ թվում` ռազմավարական հրթիռակիր եւ հեռահար ռմբակոծիչ ավիացիայի ինքնաթիռների 145 թռիչք», - ասել է նա: Նրա խոսքով, Ռուսաստանի ՌՏՈՒ-ն ամեն օր հրթիռառումբային հարվածներ է հասցնում ենթակառուցվածքների հիմնական օբյեկտներին, հենակետերին, ահաբեկիչների ռազմական տեխնիկայի եւ կենդանի ուժի կուտակումներին: «Այդ նպատակով հետախուզության բազմամակարդակ համակարգ է ստեղծվել, որն ապահովում է գրոհայինների օբյեկտների հավաստի հայտնաբերումը», - ընդգծել է Ռուդսկոյը: