Հպարտ եմ, որ պրոֆեսիոնալ ռինգում ներկայացնում եմ Հայաստանը, դա մեծ պատիվ է ինձ համար եւ պատասխանատվություն:
Լեոն Հարթ. Հպարտ եմ, որ պրոֆեսիոնալ ռինգում ներկայացնում եմ Հայաստանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Առաջիկա մենամարտում իմ հայրենակիցներին խոստանում եմ հաղթանակ:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է գերմանահայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, GBU European տիտղոսակիր Լեոն Հարթը, որը հունվարի 9-ին Գերմանիայում կանցկացնի իր հերթական մենամարտը: Այն վարկանիշային է:
«Մրցակիցս լինելու է Սլովակիան ներկայացնող Վլադիմիր Իդրանը: Մենամարտիս լավ եմ պատրաստվել, լավ մարզավիճակում եմ: Մենամարտը լինելու է 8 ռաունդից: Հաղթանակի դեպքում այս մենամարտը դրական ազդեցություն կունենա իմ վարկանիշի վրա: Մրցակիցս ուժեղ բռնցքամարտիկ է, բայց ոչ տեխնիկապես, այլ ֆիզիկապես: Իրականում նա տեխնիկապես չի փայլում: Ունի 17 մենամարտ, մենամարտել է շատ ուժեղ բռնցքամարտիկների հետ, Սլովակիայում վարկանիշով երկրորդ համարի բռնցքամարտիկն է, այնպես որ ինձ հեշտ մենամարտ չի սպասվում: Բայց տրամադրված եմ հաղթական, գտնվում եմ հրաշալի մարզավիճակում եւ չեմ կասկածում իմ հաղթանակի մեջ: Անհամբեր սպասում եմ մենամարտիս, քանի որ երկար ժամանակ չեմ մենամարտել: Տեւական դադարիս պատճառը վնասվածքս էր, որն արդեն անցել է: Կարոտած սպասում եմ ռինգ դուրս գալուն եւ խոստանում եմ իմ հայրենակիցներին ու երկրպագուներին լավ մենամարտ ու հաղթանակ, եւս մեկ անգամ Հայաստանի դրոշը բարձր կպահեմ»,- ասել է Լեոն Հարթը:
Արդեն կայացել է Լեոն Հարթի եւ Վլադիմիր Իդրանի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը: Լեոն Հարթի քաշը 90,2 կգ է, իսկ սլովակ բռնցքամարտիկինը՝ 87,3 կգ: Մենամարտը հնարավոր կլինի դիտել ranfighting.de-ում հունվարի 9-ին, Երեւանի ժամանակով 22:30-ին:
Հիշեցնենք, որ Լեոն Հարթի նախորդ մենամարտը կայացել է 2015թ. ապրիլի 18-ին: Հայ բռնցքամարտիկը Բոսնիա-Հերցեգովինան ներկայացնող Զելժկո Բոժիչի հետ մենամարտում պաշտպանել էր GBU European տիտղոսը: