ԼՂՀ Մարտունու շրջանի Հերհեր համայնքի բնակչության հիմնական զբաղմունքն անասնապահությունը, հողագործությունը, մեղվաբուծությունը և թռչնաբուծությունն է:
Հերհերում մանկապարտեզ ունենալը առաջնահերթ խնդիր է. համայնքի ղեկավար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հերհեր համայնքի ղեկավար Արման Ալեքսանյանը՝ ընդգծելով, որ գյուղում ապրում է 500 բնակիչ:
«Հերհեր համայնքում կան 238 խոշոր եղջերավոր անասուն: Բնակչությունը կատարել է 100 հա աշնանացան (95-ը՝ ցորեն, 5-ը՝ գարի) և նախատեսվում է 50 հա գարնանացան,-ասել է համայքի ղեկավարը:-Ունենք դպրոց, որտեղ սովորում են 87 աշակերտ, որը տարեցտարի ավելանում է: 0-6 տարեկան նախադպրոցականների թիվը 38 է, սակայն գյուղում դեռևս մանկապարտեզ չկա, որը առաջնային խնդիր է:Համայնքում ծնելիության աճը դրական միտում ունի, մասնավորապես անցած տարի ունեցել ենք 12 ծնունդ, որը վերջին տարիների համեմատ ամենալավ ցուցանիշն է»:
Ա. Ալեքսանյանի վկայությամբ՝ գյուղում գործում է բուժկետ և ակումբ: Բարվոք վիճակում են միջպետական ճանապարհները. ապահովված է գյուղի և քաղաքի միջև կապը:
«Համայնքում իրականացվում է ճանապարհների սալահատակման աշխատանքները»,-ասել է համայնքի ղեկավարը և գոհունակությամբ նշել, որ գյուղն գազաֆիկացված է, ունի ինտերնետ կապ, սակայն խնդիրներ կան կապված ջրային համակարգի հետ: