Վերին շնչառական ուղիների սուր վարակիչ հիվանդությունների (ՎՇՍՈՒՎ) պատճառով վերջին օրերի ընթացքում Արցախում ամբուլատոր, տնային և շտապօգնության կանչերի թիվը չի ավելացել:
Արցախի բուժհաստատություններում գրանցվել է գրիպով հիվանդների թվի նվազում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրեցին ԼՂՀ առողջապահության նախարարության մամլո ծառայությունից:
Չնայած իրավիճակի կայունությանը, այնուամենայիվ, առողջապահության նախարարությունն շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով, նախարարության պաշտոնյաներն ամեն օր այցելում են Ստեփանակերտի բժշկական հաստատություններ. մասնագետների կողմից շարունակվում են ամենօրյա մշտադիտարկումները, բակային համայցերը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հունվարի 20-ի դրությամբ հանրապետության ստացիոնարներում բուժում են ստանում 108 հիվանդ, այդ թվում՝ մինչև 18 տարեկան 45 հիվանդ: Բուժում ստացողներից 63 հիվանդի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, որից 14-ը մինչև 18 տարեկան: Հիվանդների վիճակը գնահատվում է «բավարար»:
Վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում 2 հիվանդ. բժիշկների հավաստմամբ՝ նրանց վիճակը միջին ծանրության է:
Նշենք նաև, որ հունվարի 19-ի դրությամբ, վերին շնչառական ուղիների սուր վարակիչ հիվանդությունների պատճառով Արցախի հիվանդանոցում բուժում ստացողների պատկերը հետևյալն էր. հանրապետության ստացիոնարներում հիվանդների թիվը 112 է, այդ թվում՝ 47-ը մինչև 18 տարեկան: Բուժում ստացողներից 67 հիվանդի մոտ ախտորոշված էր թոքաբորբ, որից 14-ը մինչև 18 տարեկան: Հիվանդների վիճակը գնահատվել է բավարար: Վերակենդանացման բաժանմունքներում բուժում են ստացել 2 հիվանդ, ըստ բժիշկների նրանց վիճակը միջին ծանրության է: