Իսպանիայում Զիկա վիրուսով հիվանդանալու դեպք է գրանցվել հղի կնոջ մոտ, որն առաջին դեպքն է Եվրոպայում:
Եվրոպայում Զիկա վիրուսով հիվանդանալու առաջին դեպքն է գրանցվել հղի կնոջ մոտ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Իսպանիայի իշխանությունները տեղեկացնում են, որ հիվանդ կինը վերջերս է վերադարձել Կոլումբիայից: Ենթադրվում է, որ նա հենց այնտեղ է վարակվել: Նրա հղիությունը 13-14 շաբաթական է: Իսպանիայում հիվանդության 7 դեպք է գրանցվել, հաղորդում է BBC News-ը:
Վիրուսը տարածվում է մոծակների միջոցով: Ինչպես նախազգուշացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը` 2016-ին հիվանդությամբ վարակվածների թիվը կարող է հասնել 4 մլն-ի: Հիվանդությունը արագ կերպով տարածվում է Լատինական և Հյուսիսային Ամերիկաներում:
Մի շարք լատինամերիկյան երկրներում կանանց խորհուրդ են տալիս չհղիանալ, քանի որ վիրուսով հիվանդանալու դեպքում կարող են մտավոր հետամնաց երեխաներ ծնվել: