ԿԽՄԿ-ն պետք է ավելի ուշադիր մոտենա հայ պատանդների մասին ադրբեջանցի պաշտոնյայի հայտարարությանը։
ԿԽՄԿ-ն պետք է ավելի ուշադիր մոտենա հայ պատանդների մասին ադրբեջանցի պաշտոնյայի հայտարարությանը. Նախագահի մամուլի խոսնակ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի փախստականների եւ հարկադիր տեղահանվածների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Ալի Հասանովի հայտարարությունը, որում նա ասել էր, թե Ադրբեջանում «շատ հայ պատանդներ» կան, որոնց երկրի իշխանությունները պատրաստ են փոխանակել Լեռնային Ղարաբաղում դատապարտված Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի հետ։
«Ծանր հանցագործությունների համար դատապարտված 2 ադրբեջանցիները կրում են իրենց պատիժը։ Նրանց հարազատների հետ Կարմիր խաչի միջոցով կապ է պահպանվում։ Նրանց նկատմամբ որեւէ խտրականություն չի ցուցաբերվում»,- ընդգծել է Դավիթ Բաբայանը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանում մեծ թվով հայ պատանդների մասին Ալի Հասանովի հայտարարությանը, ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը նշեց, որ նորմալ պետությունում պատանդներ չեն լինում։ «Պատանդներ են վերցնում ահաբեկիչներն ու ավազակները»,- ընդգծել է Բաբայանը՝ հավելելով, որ ԿԽՄԿ-ն պետք է ավելի ուշադիր մոտենա հայ պատանդների մասին ադրբեջանի պաշտոնյայի հայտարարությանը։ «Ըստ մեր տեղեկությունների՝ հայ գերիները ադրբեջանական բանտերում պահվում են ադրբեջանցիների անուններով, ինչը նրանց դուրս է բերում ԿԽՄԿ մշտադիտարկումից»,- հավելել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը։