Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն, փետրվարի 17-ին մեկօրյա այցով գտնվելով Թբիլիսիում, հանդիպումներ է անցկացրել Վրաստանի ղեկավարության հետ:
Թուրքիայի ԱԳ նախարարը հանդիպումներ Է անցկացրել Թբիլիսիում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախ նա հանդիպել է Վրաստանի իր պաշտոնակից Միխայիլ Ջանելիձեի հետ, որից հետո կողմերը հայտնել են, որ շուտով կկայանա վրաց-թուրքական Ռազմավարական խորհրդի առաջին հանդիպումը՝ վարչապետների մակարդակով, տեղեկացնում է Sputnik-ին :
Չավուշօղլուն նաեւ հանդիպումներ է ունեցել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի եւ վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ:
«Վրաստանը մեր ռազմավարական գործընկերն է, եւ շատ կարեւոր է Ռազմավարական խորհրդի ստեղծումը բարձր մակարդակով: Մեր վարչապետները Դավոսում պայմանավորվել են, որ մարտին կամ ապրիլին կկայանա առաջին հանդիպումը: Մենք ցանկանում ենք, որ այդ հանդիպումը լինի շատ հաջող եւ արդյունավետ, որովհետեւ այն անցկացվելու է վարչապետների մասնակցությամբ»,- Չավուշօղլուի խոսքը մեջբերել է Վրաստանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը:
Վրաստանի ԱԳ նախարարը նույնպես ընդգծել է նոր խորհրդի աշխատանքի կարեւորությունը, որի շրջանակներում հանգամանորեն քննարկվելու են երկու երկրների համատեղ նախագծերը: