Մոսկվայի ՀԱԵ վանական համալիրի տարածքում գտնվող հուշակոթողի մոտ փետրվարի 28-ին տեղի է ունեցել ծաղկեպսակների և ծաղիկների զետեղման արարողություն` ի հիշատակ 1988թ. փետրվարի 27-29-ն իրականացված Սումգայիթյան ջարդերին զոհ դարձած անմեղ հայերի:
Մոսկվայում հարգանքի տուրք են մատուցել Սումգայիթի զոհերի հիշատակին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 29, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ռուսաստանում Հայաստանի դեսպանության փոխանցմամբ՝ հիշատակի միջոցառմանը մասնակցել են ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ՀԱՊԿ-ում ՀՀ լիազոր ներկայացուցիչ Դավիթ Վիրաբյանը, Մոսկվայում ԼՂՀ ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանն ու դեսպանության դիվանագիտական անձնակազմը:
Ներկաներին ուղղված խոսքով է հանդես եկել ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը` ընդգծելով, որ 28 տարի առաջ ադրբեջանական իշխանությունների սանձահարմամբ տեղի ունեցած զարհուրելի իրադարձությունները չեն մոռացվել, և այդ հիշողությունը կփոխանցվի սերնդեսերունդ, քանի դեռ մեղավորների քրեահանցավոր գործելակերպը չի ստացել համապատասխան իրավական, քաղաքական և բարոյական գնահատական:
Դեսպան Եսայանը հիշեցրել է նաև, որ Սումգայիթում և Ադրբեջանի այլ քաղաքներում սկսած վայրագությունները նպատակ էին հետապնդում կասեցնել Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու և Հայկական ԽՍՀ-ին միանալու հայության արդարացի մղումները:
Նույն օրը Մոսկվայի ՀԱԵ վանական համալիրի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում մատուցվել է հոգեհանգստի կարգ: